Արա Բուդաղյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով ձերբակալված Արա Բուդաղյանին հուլիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):

Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակվել էին մայիսի 20-ին` ժամը 18:15-ի սահմաններում` Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ըստ պաշտոնական վարկածի` ավտոմեքենայի մեջ կրակոցների պահին գտնվել են Ս. Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնականը: Դեպքից ժամեր անց կատարվածը որակվեց` որպես սպանության փորձ Սյունիքի մարզպետի նկատմամբ:

Երեկ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քննիչը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացրել` միջնորդելով Ա. Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Դատարանը հուլիսի 5-ին` ժամը 23:30-ի սահմաններում, որոշում է կայացրել Ա. Բուդաղյանին կալանավորել երկու ամիս ժամկետով:

– Պարոն Ալումյան, Ձեր գնահատմամբ` Ա. Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հիմքեր կայի՞ն:

Կարդացեք նաև

– Իմ գնահատմամբ` այդպիսի հիմքեր բոլորովին չկային` թե մեղադրանք առաջադրելու, թե կալանավորելու: Ա. Բուդաղյանի մեղադրանքի որոշման մեջ 2 էջից իր գործողությունները նկարագրվում են ընդամենը երկու տողում: Պարզապես գրված է, որ ինքը շահագրգռել է այդ անձանց ու դրանով դրդել: Թե ինչպես է շահագրգռել, ինչի համար է շահագրգռել, ինչ ձևով է շահագրգռելգ ոչ մի բան: Մեղադրանքը բացարձակապես անորոշ է, և հետո դատարան ներկայացվեցին «ապացույցներ», որոնցից ոչ մեկը բացարձակ իրեն չէր վերաբերում, ոչ մեկը:

Թե՛ մեղադրանքի, թե՛ կալանավորման որոշումների մեջ նկարագրվում են ուրիշ մարդկանց գործողություններ, իսկ Բուդաղյանին վերաբերող ընդհանրապես ոչ մի փաստ, ոչ մի ապացույց չկա: Ուղղակի մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել, որ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այդպիսի միջնորդություններ է ներկայացնում, ես դեռ դեպք չեմ հիշում, որ Կենտրոնի դատարանն Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները մերժի: Տպավորություն է, որ Կենտրոնի դատարանն Ազգային անվտանգության ծառայության վարչություններից մեկն է:

– Ա. Բուդաղյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված դիրքորոշում արտահայտե՞լ է:

– Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Ինքն ընդհանրապես ոչ էլ այդ մարդկանց է ճանաչում` բացի մեկից: Այն երկուսին ընդհանրապես չի ճանաչում, միայն մեկին է ճանաչում, և միայն վերջերս ինչ-որ հպանցիկ շփումներ է ունեցել:

– Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել Ա. Բուդաղյանին կալանավորելու և նրան մեղադրանք առաջադրելու որոշումները:

– Այսօր (հուլիսի 6-ին.- Օ.Հ.) եմ բողոքարկելու:

– Պարոն Ալումյան, երբ Ա. Բուդաղյանը ձերբակալվել էր, նշել էիք, որ Ձեզ թույլ չեն տվել տեսակցել նրա հետ: Ինչո՞վ էին դա պատճառաբանում ԱԱԾ-ում:

– Ոչ մի բան չէր պատճառաբանում: Կամայականություն է, զուտ կամայականություն` առանց որևէ պատճառաբանությունների:

– Մտավախություններ ունե՞ք, որ այդ ժամերին գործողություններ կամ որևէ բան է կատարվել:

– Երբ մենք քրեական գործի բոլոր նյութերին կծանոթանանք, մենք կհասկանանք` իրենց ինչու էր այդ մեկ օրը պետք:

Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանավորվել են նաև այս գործով ձերբակալված մյուս անձինք` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը:
Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ -74» տեսակի 5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի կից շինությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս