Բաժիններ՝

Անվտանգության համար վերցված վարկային փողերն ամենաարդարացվածն են. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ռուսական լրատվամիջոցները ևս հաստատում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին վաճառել «Իսկանդեր» տիպի բալիստիկ օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր: Արդյոք Հայաստանին անհրաժե՞շտ էին նման հրթիռային համակարգերը, և դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական բալանսի վրա:

– Ես չգիտեմ ինչ սպառազինության կամ զինտեխնիկայի մասին է խոսքը, որովհետև այդ ցանկը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ: Բայց ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի բանակ կարիք ունի թարմացնելու իր սպառազինությունները, դրանք համալրելու նոր և ժամանակակից սպառազինություններով, որպեսզի առաջ անցնի կամ առնվազն հետ չմնա թշնամի երկրից: Այս իմաստով մեր զինանոցի թարմացումը և արդիականացումը միայն ողջունելի է, և այն խոսակցությունները, որ Հայաստանը պարտք է կուտակում ևս անհիմն են:

Անվտանգության վրա ծախսված գումարները նույնքան կարևոր են երկրի տնտեսության համար, որովհետև միայն անվտանգ երկրում է, որ ներդրումներ են արվում, միայն անվտանգ երկրում կարող է տնտեսական աճ լինել: Այս իմաստով այն գումարը որը մենք ծախսում ենք, միանգամայն արդարացված է, և այն բազմակի անգամ ավելի մեծ արդյունքներ է տալու:

– Ադրբեջանի զինանոցում ևս կան բալիստիկ հրթիռներ, և հիմա Հայաստանը գնելով այդ համակարգերը վերականգնո՞ւմ է հավասարակշռությունը, թե՞ մենք ինչ-որ առումով առաջ ենք անցնում Ադրբեջանից:

– Ադրբեջանի զինանոցում կան «Տոչկա Ու» բալիստիկ հրթիռներ, սակայն դրանք իրենց տեխնիկական և ռազմական հնարավորություններով մի քանի աստիճանով զիջում են «Իսկանդերներին», որոնք հրթիռաշինության բնագավառում բոլորովին նոր խոսք են, և դրանք ամենաժամանակակիցներն են: Այնպես որ, այդ համակարգերի առկայությունը շատ երկար ժամանակով Ադրբեջանին զրկում է Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու հնարավորությունից:

Ավելին ասեմ՝ Ադրբեջանի բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները հայտնվում են այս համակարգերի խոցման թիրախում՝ սկսած ադմինիստրատիվ նշանակության օբյեկտներից, մինչև ենթակառուցվածքային և ռազմական օբյեկտներ:

– Այսինքն՝ Ադրբեջանը հիմա էլ պետք է գնի հակահրթիռային համակարգեր, որպեսզի կարողանա չեզոքացնել «Իսկանդերներից» եկող վտանգը: Կա՞ն այդպիսի հակահրթիռային համակարգեր:

– Հակահրթիռային համակարգեր, անշուշտ, կան, և դրանցից լավագույններից մեկը ամերիկյան «Պատրիոտ» համակարգն է: Բայց արդյո՞ք ԱՄՆ-ը կվաճառի այդպիսի համակարգեր Ադրբեջանին, և բացի այդ՝ դժվար է ասել, թե ինչ արդյունավետություն կարող են ունենալ այդ հակահրթիռային համակարգերը «Իսկանդերների» դեմ պայքարում, որովհետև այդ հրթիռներն օժտված են բավական մեծ կեսունակությամբ, և հակահրթիռային համակարգերը հաղթահարելու ունակությամբ: Օրինակ՝ նույն այդ «Պատրիոտ» համակարգերը ԱՄՆ-ն օտագործեց Իրաք ներխուժման ժամանակ, բայց դրանք շատ ցածր արդյունավետություն ունեցան խորհրդային արտադրության հին հրթիռների դեմ պայքարում:

– Ադրբեջանը ձեռք է բերել ռուսական արտադրության C300 հակահրթիռային համակարգեր: Դրանք չե՞ն կարող օգտագործվել «Իսկանդերներիե դեմ պայքարում:

– Նախ C300-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, ճիշտ է՝ այն ունի նաև հակահրթիռային բաղադրիչ, բայց դրա համար պետք է ունենալ ոչ միայն այդ համակարգը, այլ նաև այդ հրթիռներին խոցելու ունակ զինատեսակ. դրանք կոչվում են ծանր հրթիռներ: Իսկ այդ հատուկ հրթիռները Ռուսաստանն արտադրում է հիմնականում իր կարիքների և ոչ թե արտահանման նպատակով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս