Բաժիններ՝

Գալուստ Սահակյան. Սահմանադրությունն իրավական հենքի վրա է դրել մեր զգացմունքները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

Սահմանադրությունն իրավական հենքի վրա է դրել մեր զգացմունքներն ու այն արժեհամակարգը, որն ի բնե մեր մեջ է եղել անգամ պետականության բացակայության պայմաններում: Այն մեր պետականության կարևորագույն և հիմնական իրավական վկայագիրն է: Եվ բոլորիս պարտքն է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված և նրա հիմքում ընկած արժեքներին վերաբերվել այնպես, ինչպես մեր պատմությանն ու երկրին:

20 տարի առաջ անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունումով քվեարկեցինք իրավական պետության, ժողովրդավարության և ազատության օգտին, ըստ էության, վերահաստատելով այն, ինչ հայտարարել էինք դրանից մի քանի տարի առաջ անցկացված անկախության հանրաքվեով: Իսկ սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց փոփոխություններ կատարելով երկրի հիմնական օրենքում` ավելի հասունացած քաղաքացիական և քաղաքական գիտակցությամբ վերստին հավաստեցինք հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանն ու առաջընթացին:

Սահմանադրությունը մեզ տվել է ամենագլխավորը` ընտրության իրավունք` ճանապարհի, ազատության, մտածողության և կենսակերպի ընտրության իրավունք: Արդեն մի քանի տասնամյակ նշելով Սահմանադրության օրը` մենք մեր հարգանքն ենք արտահայտում ոչ միայն երկրի հիմնական իրավական փաստաթղթի ու պետականության, այլև մեր իսկ ընտրության նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Սահմանադրության մեջ կատարվող կամ նախատեսվող որևէ փոփոխություն նպատակ ունի ավելի ժողովրդավարական դարձնել կառավարման համակարգը, ընդլայնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի ընթացքին, փաստելով, որ ուժեղ պետությունը նաև նշանակում է ոչ միայն տնտեսապես մեծ հնարավորություններ, այլև ուժեղ քաղաքացիական հասարակություն` ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող և դրանք ի շահ սեփական երկրի ծառայեցնող: Այդպիսի ուղղվածություն ունեն նաև առաջիկայում նախատեսված և երկրի հիմնական օրենքի բովանդակությունը հարստացնելուն միտված սահմանադրական փոփոխությունները, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:

Սահմանադրությունը ոչ միայն գործողությունների ծրագիր է, այլև նախ և առաջ հնարավորություն այդ գործողությունների համար: Այն ոչ միայն մեր երազանքների ամփոփումն է, այլև նպատակների ամրագրում: Այն հարգանք է հանուն պետականության մարտնչածների և այդ պետականությանը կերտածների հանդեպ, միաժամանակ, վստահություն է պետականությունը հուսալի ձեռքերում պահողների և պետականության ապագայի մասին մտածողների հանդեպ: Այն նոր հաղթանակների երաշխիքն է և մղում է նոր ձեռքբերումների:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս