Բաժիններ՝

Պետությունը պետք է դեմքով շրջվի դեպի երիտասարդը. Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչների հետ

Այսօր՝ հուլիսի 4-ին, «Օրինաց եկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել իր կողմից նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող 16 ՀԿ-ների հետ: Ներկա կազմակերպությունների մեծ մասը երիտասարդական կազմակերպություններ էին, ուստի բնական է, որ քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում էին երիասարդությանը հուզող խնդիրներին:

Ներկաներից մեկը, դիմելով պարոն Բաղդասարյանին, նշել է, որ այժմ շատ ընտանիքներ հրաժարվում են մեծ թվով երեխաներ ունենալու գաղափարից, քանի որ սոցիալական պայմանները շատ վատ են: Տվյալ երիտասարդը ցանկացավ իմանալ, թե ի՞նչ է մտածում ՕԵԿ նախագահը հարցի մասին:

Վերջինս նշել է, որ պետությունը պետք է դեմքով շրջվի դեպի երիտասարդը, երիտասարդ մարդը պետք է ամեն կերպ զգա պետության աջակցությունը. «Կոպիտ ասած, պետությունը պետք է փող տա, որ երիտասարդներն ամուսնանան»:

Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա պարոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության միջոցով բազմիցս բարձրացրել է հարցեր, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակ են ունեցել խթանել ծնելիության աճը:

Ապա ՕԵԿ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակի մասին՝ նշելով, որ այնտեղ արդեն իսկ ամուսնության համար երիտասարդները գումար են ստանում և նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շատ հարցերում պետք է օրինակ վերցնի Արցախից: Այս մասով նաև նաև հիշեցրել է հոսանքի սակագնի մասին՝ ասելով, որ Արցախում այն 25 դրամ է, իսկ Հայաստանում՝ արդեն 50:

Մեկ այլ երիտասարդ հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը տեղում չդոփի, երիտասարդները չհեռանան երկրից և իրենց ապագան տեսնեն հայրենիքում: Այս մասով պարոն Բաղդասարյանն ասել է, որ անհրաժեշտ է ազգային ծրագիր, այն իրականացնելու գործիքակազմ. «Բացի դրանից պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մենք պետք է կարողանանք կարգավորենք խնդիրները մեր հարևանների հետ: Փոխշահավետ փոխզիջումն ավելի լավ է, ոչ մի տեղ չտանող առճակատումը: Ոչ ոք չի ասում, որ անհրաժեշտ է զիջումների գնալ ազգային արժանապատվության հաշվին, հակառակը, դա պետք է անել ազգային արժանապատվությունը պահելով և հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի»:

Բաղդասարյանի խոսքերով, այսօր հայերին կարծես թե միավորում է մի բան՝ Հայոց Ցեղասպանության ճանաչում, սակայն դա չպետք է լինի գլխավոր գերխնդիրը. «Իհարկե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունը ճանաչվի, սակայն պետք է առաջ գնալ: Աշխարհը մեզ չպետք է ճանաչի որպես զոհի, մենք հաղթող ազգ ենք, մեզ որպես հաղթողի պետք է ճանաչեն»,-ասել է նա՝ հավելելով, որ լուրջ հույսեր է կապում երիտասարդության հետ, ովքեր պետք է ակտիվ լինեն, այլ ոչ թե կրավորական դիրքում:

ՕԵԿ նախագահը նաև նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից և պետք է քայլեր ձեռնարկել դա կանխելու համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա պարոն Բաղդասարյանը նշել է, որ այդ հարաբերությունները փաստացի կան. «Հազարավոր մարդիկ Հայաստանից գնում են Թուրքիա հանգստանում են և այլն, ուղղակի, ըստ նրա, այդ հարաբերություններին պետք է երկխոսության տեսք տալ»:

Վերջում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հայտնել է, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը հաջորդ շաբաթ Շիրակի մարզում բացելու է իր անդրանիկ մարզային գրասենյակը, գործընթացը լինելու է շարունակական և շուտով բոլոր մարզերում նման գրասենյակներ կբացվեն:

«Օրինաց երկիր» կուսակցություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս