
«Բետ Կորրեա, զգուշացիր: Կյանքում երբեք չեմ ցանկացել ինչ-որ մեկին այդպես ուժեղ ծեծել». Ռոնդա Ռոուզի

Մայիսին տված հարցազրույցներից մեկում Բետ Կորրեան հույս էր հայտնել, որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին սուիցիդի չի դիմի այն բանից հետո, երբ կպարտվի իրեն չեմպիոնական տիտղոսը:
Ամերիկուհին մինչ օրս չի կարողանում ասված բառերի համար ներել իր ապագա մրցակցուհուն: Բայց, չնայած բրազիլուհին ներողություն է խնդրել, Ռոուզին խոստացել է այնպես անել, որպեսզի Կորրեան ընդմիշտ հիշի իրենց մենամարտը:
Չեմպիոնուհին սրտին շատ մոտ է ընդունել նրա բառերը, քանի որ ինքն ընդամենը 8 տարեկան է եղել, երբ ինքնասպանություն է գործել հայրը:
«Կան բաներ, որ կարելի է հասկանալ մարքետինգի և PR-ի տեսակետից, բայց կան այնպիսիները, որոնք ուղղակի անցնում են սահմանները: Երբ նա ծիծաղեց այն բանի վրա, որն ապրել է իմ ընտանիքը, դա արդեն անցավ բոլոր սահմանները,- ցիտում է Ռոնդային Daily Mail-ը:
«Անխոս, այդ մենամարտը կլինի անհավանական անձնական ինձ համար: Ես երբեք չեմ ցանկացել ինչ-որ մեկին ծեծել այնպես, ինչպես նրան: Եվ ես չեմ պատրաստվում արագ վերջացնել մենամարտը, ընդհակառակը, ես ուզում եմ վստահ լինել, որ նա կհիշի այդ օրվա ամեն մի վայրկյանը: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչից եմ ավելի շատ վիրավորված. նրա արտահայտությունների՞ց, թե՞ սուտ ներողությունից, որն արվեց միայն դեմքը պահպանելու համար: Դա նույնիսկ ներողություն չէր: Նա ինքն իրեն ուղղակի կոմպլիմենտ արեց` անվանելով իրեն համեստ»,- ասել է Ռոնդան:
Ռոուզիի և Կորրեայի միջև մենամարտը տեղի կունենա օգոստոսի 1-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը