Հայաստանը փրկեց Ռուսաստանին
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել նաև իր համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի արդյունքներին:
Մեր հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ ՌԴ-ն խոչընդոտներ չի ստեղծի ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի ստորագրման ճանապարհին, որի շուրջ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել Ռիգայում, նա պատասխանեց, թե Ռուսաստանը համոզվեց, որ Հայաստանի ներկայությունն Արևելյան գործընկերության՝ Ռիգայում կայացած գագաթաժողովին, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, և ընդհանրապես Հայաստանը պարզապես փրկեց Ռուսաստանին, այլապես ՌԴ-ին Ղրիմի բռնակցման հարցում Ռուսաստանի համար տհաճ ձևակերպումներ կընդգրկվեին գագաթաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրում: Սա, Գրիգորյանի համոզմամբ, պետք է գնահատվի Ռուսաստանի կողմից:
«Շատերն ասում են, թե Բելառուսը փրկեց, ջանքեր ներդրեց, որպես հռչակագրի տեքստում տեղ չգտնեն սուր ձևակերպումներ Ղրիմի բռնակցման մասին, բայց այդ մարդիկ, մեղմ ասած, պարզապես լավատեղյակ չեն` Բելառուսն ինչ դիրքեր ուներ գործընկերությունում: Այո, Բելառուսը փորձել է փոխել ձևակերպումներ, բայց ԵՄ-ում, ԱլԳ-ում Բելառուսի ձայնը զրո է, բոլորը գիտեն, որ ԱլԳ-ում Բելառուսը գրեթե գոյություն չունի, հատկապես, երբ գագաթաժողովներին չի ներկայանում նախագահի մակարդակով: Իսկ Հայաստանը, ունենալով շատ ավելի բարձր հեղինակություն, կարողացավ կանխել այն վտանգները, որոնք Ռուսաստանի համար բացասական կարող էին լինել:
Դա վա՞տ էր Ռուսաստանի համար: Ոչ, ուրեմն Ռուսաստանը պետք է հասկանա, որ կա ոլորտ, որտեղ Հայաստանը՝ շարունակելով իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, կարող է օգտակար լինել նաև Ռուսաստանի համար»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: