Արկտիկայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր ավիավարժանքները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը խոշոր զորավարժություններ են սկսել Արկտիկայում: Այս մասին հայտնել է Նորվեգիայի ՊՆ-ն: Ընդհանուր առմամբ վարժանքներում ներգրավված է ավելի քան 100 մարտական և օժանդակ տարբեր տիպի ինքնաթիռ:
Arctic Challenge Exercise 2015 անվանումը ստացած այդ զորավարժություններն անցկացվելու են մինչև հունիսի 5-ը: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Նիդեռլանդների, ինչպես նաև՝ Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Շվեդիայի ռազմաօդային ուժերը:
Բազային օդանավակայաններն են լինելու Ֆինլանդիայում գտնվող Ռովանիեմին, Շվեդիայում գտնվող Կալակսը և Նորվեգիայում գտնվող Բուդյոն, որոնցում տեղակայված է ինքնաթիռների հիմնական մասը: Վարժանքների ժամանակ մշակվելու է տարբեր երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, օդում լիցքավորվելը, օդային մարտերն ու ցամաքային թիրախները խոցելը, ներառյալ՝ ՀՕՊ-ը ճնշելը:
Մասնագետներն այդ զորավարժությունները շաղկապում են Մերձբալթիկայում ու Արկտիկյան շրջանում Ռուսաստանի զինված ուժերի աճող ակտիվության հետ: