Լավրովն ու Մամեդյարովը կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ երկխոսությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ նրանք ընդգծել են երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ երկխոսությունը, որը թույլ է տալիս լուծել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը՝ առանց բացառության:

Հանդիպման սկզբնամասում Լավրովը ողջունել է Մամեդյարովին և ցավակցություն է հայտնել Բաքվում տեղի ունեցած խոշոր հրդեհի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպում են, նրանց միջև առկա է կառուցողական երկխոսություն, որն էլ պայմաններ է ստեղծում` առանց բացառության բոլոր հարցերի լուծման համար:

Մամեդյարովն իր հերթին` հայտարարել է, որ մտադիր է բանակցությունների ժամանակ քննարկել երկկողմ համագործակցության բոլոր ասպեկտները. «Հուսով եմ, որ մենք կարող ենք անել մեր ղեկավարների հանձնարարականները կատարելուց ավելին»:

Մամեդյարովի խոսքերով՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-ին Բաքվում ներկա կգտնվի Եվրոպական խաղերի բացման արարողակարգին:

Տեսանյութեր

Լրահոս