Ուկրաինայում Կլիչկոյի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձի համար կասկածում են ՀՀ քաղաքացու
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ուկրաինական Սլավուտիչ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավոր Անատոլի Գլադչենկոյի վրա կատարված հարձակման հետաքննության շրջանակներում հետախուզում է հայտարարվել Հայաստանի քաղաքացի Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ:
Այս մասին հայտնել է Կիևի մարզի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Ընդգծվում է, որ ներկայումս միջոցառումներ են իրականացվում կասկածյալի գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու ուղղությամբ:
ՆԳՆ-ի հաղորդմամբ` անհայտ անձինք Սլավուտիչ քաղաքի փողոցներից մեկում կանգնեցրել են տեղական խորհրդի պատգամավորին ու նրա եղբորը և սկսել են վիճել նրանց հետո:
Վեճի ժամանակ տղամարդկանցից մեկը տրավմատիկ զենքով կրակել է 32-ամյա պատգամավորի գլխին, ինչից հետո տղամարդիկ նստել են ավտոմեքենան և չքացել են դեպքի վայրից:
Տուժածը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով և ուղեղի ցնցումով հոսպիտալացվել է Կիևի մարզային կլինիկական հիվանդանոց: