Լեհաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
BBC-ի փոխանցմամբ` Լեհաստանում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկիրը գլխավորելու համար պայքար են մղում գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Լեհաստանում խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան:
Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մայիսի 10-ին: Դրա արդյունքներով հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Դուդան, ով ստացել էր քվեների 34.7 տոկոսը, մինչդեռ Կոմորովսկին հավաքել էր մեկ տոկոսով ավելի պակաս քվե` 33.7 տոկոս:
Նման արդյունքը կատարելապես անսպասելի է եղել քաղաքական գործիչների ու դիտորդների համար: Սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում հաղթելու նախագահի թեկնածուների հնարավորությունները գրեթե հավասար են:
Ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան ժամը 07.00-ին և աշխատելու են մինչև ժամը 21.00-ը: Լեհաստանում քվեարկության իրավունք ունի գրեթե 31 միլիոն մարդ: