Կինն «Օդնոկլասսնիկիում» ամուսնու սիրուհու անվամբ կայքէջ է ստեղծել, տարածել նրա մերկ լուսանկարը
Վերաքննիչ դատարանը մերժել է անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու մեջ մեղադրվող կնոջ պաշտպանի բողոքը:
Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալն իր բնակարանում, համակարգչի միջոցով, «Օդնոկլասսնիկի» համացանցային կայքում ստեղծել է ամուսնու սիրուհու անվամբ կայքէջ, որտեղ տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով տարածելով նրա վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունը:
Ընդհանուր իրավասության դատարանում կնոջ որդին հայտնել է, թե ինքն է լուսանկարը տեղադրել համացանցում, սակայն դատարանը գտել է, որ այդ մասին վկաների հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում ամբաստանյալին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված վերոհիշյալ ապացույցներով:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 250 հազար դրամ տուգանքի:
Ամբաստանյալի պաշտպանն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբաստանյալին արդարացնել, ճանաչել անպարտ, դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ կնոջը մեղսագրված արարքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի ինչպես՝ նախաքննությամբ, այնպես էլ՝ դատաքննությունների ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել, և գործի փաստական հանգամանքների մասին ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, ամբաստանյալի գործողություններում առկա են իրեն առաջադրված մեղադրանքը հաստատող օբյեկտիվ տվյալներ, որի համար նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի: