Սուրիկ Խաչատրյանից ՀՀԿ-ն գո՞հ է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կրակոցները շատերն ընկալում են՝ որպես նրա ու նրա ընտանիքի հետ կապված աղմկահարույց իրադարձությունների տրամաբանական շարունակություն կամ ամբողջություն: 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց, թե արդյոք համամի՞տ է այս տեսակետի հետ:

«Ձեր հարցն իրավական դաշտից է և պետք է ուղղել իրավապահներին: Տեսակետներ հնչեցնել մի գործի մասին, որ քննության փուլում է, կարծում եմ, որ կարող է նաև խոչընդոտել քննության ընթացքին»,- ասաց Գ. Մելիքյանը՝ հորդորելով այդ հարցով դիմել իրավապահներին:

Մեր հարցին, թե արդյոք սա վրե՞ժ է, չէ՞ որ նրա թշնամիներն էլ քիչ չեն, Գ. Մելիքյանը պատասխանեց, թե չի կարող հարցին պատասխանել, որովհետև քննությամբ չի զբաղվում:

Նա չհամաձայնեց, որ ԱԺ նիստում գլխավոր դատախազը պաշտպանում էր Սուրիկ Խաչատրյանին՝ կոչ անելով հասարակական կարծիք վաղաժամ չձևավորել. «Այնքան էլ չէր պաշտպանում Սուրիկ Խաչատրյանին: Նույն ԱԺ-ում նույն գլխավոր դատախազը հայտարարեց՝ եթե մեղավոր են, կդատեն ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Մի մոռացեք դա նաև: Նա չասաց ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի որևէ խոսք»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի քաղաքական դիրքը որքանո՞վ դեր կխաղա գործի բացահայտման հարցում, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը հանրապետական է, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է, իր աշխատանքից Հանրապետականը դժգոհություն չունի, քաղաքական առումով որևէ ճնշումներ չկան գործի բացահայտման վրա, և, ով մեղավոր է, նա պետք է պատասխան տա օրենքի առջև»:

 

Տեսանյութեր

Լրահոս