Բաժիններ՝

Ինչ եղավ, երբ՝ «Լսի դու մի բզբզա» անունով օգտատերը կնոջը ներկայացավ որպես ֆրանսահայ մեծահարուստ

Վերաքննիչ դատարանը բավարարել է խարդախության մեջ մեղավոր ճանաչված և ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ամբաստանյալի բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով:

Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննությամբ դատարանը պարզել է հետևյալը՝ երիտասարդը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով խարդախությամբ, այն է` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր համար ստեղծել է «Լսի դու մի բզբզա» էջը և սկսել նամակագրությամբ շփվել տարբեր կանանց հետ: Նամակագրությունների ընթացքում ծանոթացել է մի կնոջ հետ:

Նամակագրությունների ընթացքում կնոջը ներկայացել է՝ որպես ֆրանսիահայ մեծահարուստ անձնավորություն, հայտնել է, որ ՀՀ է ժամանել ամուսնանալու նպատակով և Ֆրանսիայում ունի բրենդային ապրանքների երկու խանութ: Նամակագրությունների ընթացքում հավատ է ներշնչել կնոջը, և նրանց միջև ստեղծվել է մտերիմ կապ, որի արդյունքում կինը տվել է իր հեռախոսահամարները, և հեռախոսային խոսակցությունների ընթացքում երիտասարդը խոստացել է, որ վերջինիս կօգնի բացել հագուստի խանութ:

Դատարանը նշել է, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ հետագայում երիտասարդը հասկանալով, որ կինը գայթակղվել է իրենով, և նրա մոտ ձեռք է բերել վստահություն, խարդախությամբ գումար հափշտակելու իր մտադրությունն իրականացնելու նպատակով, փոխառության պատրվակով նրանից վերցրել է խոշոր չափի` ընդհանուր 1.573.000 դրամ գումար: Ապա տարբեր պատճառաբանություններով երիտասարդը խուսափել է կնոջ հետ շփվելուց և հանդիպելուց, որոշ ժամանակ անց ընդհանրապես իր կայքէջից չի օգտվել և անջատել է իր հեռախոսահամարը:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ իրոք «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում` ի սկզբանե հետապնդելով ինչ-որ մեկից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գումար հափշտակելու նպատակ, գրանցվել է «Դու մի բզբզա» գաղտնանվամբ և սկսել շփվել տարբեր կանանց հետ: Ծանոթացել է տուժողի հետ, նրա վստահությունը ձեռք բերելու նպատակով ներկայացել է՝ որպես ֆրանսահայ մեծահարուստ անձնավորություն, հայտնել է նաև, որ Հայաստան է ժամանել ամուսնանալու նպատակով և Ֆրանսիայում ունի բրենդային իրերի երկու խանութ և կօգնի նմանատիպ խանութ բացել: Հետագայում կինը տվել է իր հեռախոսահամարները, որից հետո ինքը նրա հետ կապ է հաստատել, և շփումը շարունակել են հեռախոսազանգերի միջոցով, որի ընթացքում կինը գայթակղվել է իրենով և սկսել է վստահել: Ինքը հասկանալով, որ տուժողը վստահում է իրեն և այդ վստահությունը չարաշահելու ձևով կարող է նրանից գումարներ հափշտակել, սկսել է գումարներ խնդրել՝ վերադարձնելու խոստումով: Տուժողն իրեն չի մերժել և մաս-մաս, տաքսի ավտոմեքենաների վարորդների միջոցով իրեն ընդհանուր ուղարկել է շուրջ 1.570.000 դրամ գումար, որն ինքը հափշտակել և ծախսել է ժամանցի տարբեր վայրերում: Ինքը զղջում է կատարածի համար և առաջին իսկ հնարավորության դեպքում կփոխհատուցի պատճառված նյութական վնասը:

Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում ծանոթացել է մի անձնավորության հետ, որը հայտնել է, որ բնակվում է Ֆրանսիայում, մեծահարուստ է ու այնտեղ ունի բրենդային իրերի երկու խանութ: Հետագայում նամակագրական շփումներն ավելի են մտերմացել, որի արդյունքում իրենք սկսել են միմյանց հետ կապ հաստատել հեռախոսով: Հեռախոսազրույցների ընթացքում խոստացել է իր համար բացել հագուստի խանութ, ապա տարբեր պատրվակներով իրենից պարտքով գումարներ է խնդրել ու խոստացել, որ դրանք կվերադարձնի: Ինքը վստահելով և հավատալով նրա խոսքերին՝ նրան գումարներ է ուղարկել: Հետագայում տղամարդն իր խոստումը չի կատարել, իրեն չի վերադարձրել իբր պարտքով վերցրած գումարները, իր հետ որևէ կապ չի պաշտպանել, որից հետո ինքը հասկանալով, որ խաբվել է, կատարվածի մասին հաղորդում է տվել Ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել խարդախության կատարման մեջ՝ դատապարտվելով 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Բերելով մի շարք պատճառաբանություններ՝ ամբաստանյալն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան՝ խնդրելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակել՝ 2 տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանը բավարարել է ամբաստանյալի բողոքը՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով 2 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս