4 չինուհի Երևանում ենթարկվել է շահագործման. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՉԺՀ 3 քաղաքացի, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ՝ նրանց բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրել են 4 համաքաղաքացու ու տեղափոխել Երևան:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չինուհիները Երևանում ենթարկվել են շահագործման։ Մասնավորապես՝ վերջիններս տևական ժամանակ պահվել են երևանյան հյուրանոցներից մեկում, ապա, օգտվելով նրանց տեղանքին անծանոթ լինելու, իրենց մոտ անձնագիր չունենալու և, ընդհանուր առմամբ, խոցելի վիճակում գտնվելու հանգամանքից, Չինաստանի երեք այլ քաղաքացու կողմից ենթարկվել սեռական ու աշխատանքային շահագործման՝ ամբողջությամբ ստանալով նրանց այդկերպ վաստակած գումարները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Չինաստանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, իսկ երրորդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երկու մեղադրյալի մասով վարույթն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութեր

Լրահոս