Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում հայտնված Իրաքին. Լավրով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ձգտելու է բավարարել զենքի մատակարարման մասին Իրաքի հնարավոր բոլոր դիմումները: Այս մասին Ռուսաստանի նախագահի ու Իրաքի վարչապետի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ զենքի մատակարարումները կնպաստեն Իրաքի պաշտպանունակության բարձրացմանն ու երկրի տարածքից «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբավորումներին վտարելուն: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանի ու Իրաքի միջև առկա է շատ սերտ ռազմատեխնիկական համագործակցություն:
Լավրովը նկատել է, որ, Իրաքից բացի, ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում են հայտնվել նաև Սիրիան ու Եգիպտոսը: 2012 թվականին Ռուսաստանն ու Իրաքը պայմանագիր են ստորագրել մերձավորարևելյան այդ երկրին 4.2 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք մատակարարելու մասին: