Բաժիններ՝

«Ոստիկանությունը շատ լավ գործողություններ է իրականացնում, երբ խանութից պեչենի են գողանում». Արմեն Բադալյան

«Ընդհանրապես նորմալ քաղաքակիրթ երկրներում նման դեպքերից հետո անմիջապես Ոստիկանությունը հետաքննություն է սկսում և բացատրություն է ներկայացնում, բայց քանի որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չէ, և հատկապես Սյունիքի մարզի մարզպետի ընտանիքի անդամների հետ կապված կան բազմաթիվ հանցագործություններ, որոնք անպատիժ են մնացել, դրա համար Ոստիկանության հայտարարությանը հավատալ պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է եղել. «Կարող են լինել տարբեր վարկածներ, որոնց վերաբերյալ արդեն շատերը նշել են՝ և՛ մահափորձ, և՛ ընդամենը զգուշացում, և՛ ինքնակրակոց, և այլն, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ասել, որ դա ինչ-որ լուրջ քաղաքական հետևանքներ կունենա, մի քիչ այնքան էլ հավանական չէ»:

Armen BadalyanՀարցին՝ չկա՞ կոնկրետ մի վարկած, որը Դուք առավել հավանական եք համարում, Ա. Բադալյանը պատասխանեց՝ իհարկե, չկա և չէր կարող լինել. «Որովհետև նման վարկած կարող է ունենալ Ոստիկանությունը, իսկ Հայաստանում Ոստիկանությունը շատ վաղուց վերածվել է իշխող համակարգի, ուժային կառույցի և ոչ թե՝ արդարադատություն իրականացնողի: Այսինքն՝ իրավապահ մարմինները վերածվել են իշխանական մարմնի, դրա համար, եթե անգամ Ոստիկանությունը հայտարարություն տարածի և անգամ փորձի իրականում բացահայտել այդ գործը, չեմ կարծում, թե դա ինչ-որ մի լուրջ հետաքրքրություն կներկայացնի հասարակության համար, որովհետև հասարակության խնդիրները լրիվ այլ են»:

Ա. Բադալյանի խոսքով՝ Ոստիկանությունը շատ լավ գործողություններ է իրականացնում, երբ խանութից պեչենի են գողանում, բայց այդ նույն ժամանակ Ոստիկանությունը նույն ակտիվությունը չի դրսևորում և չի կարողանում բացահայտել անգամ, եթե սպանում են Ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյայի. «Գևորգ Մհերյանի սպանությունը մինչև օրս չի բացահայտվել, այսինքն՝ Ոստիկանության վրա հույս դնելն անիմաստ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս