Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է և ոչ թե՝ ալ-Սիսին. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սարաևոյում հանդիպել է Բոսնիա-Հերցեգովինայի ղեկավար Մլադեն Իվանիչի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը քննադատել է Եգիպտոսի իշխանություններին:

Էրդողանը հայտարարել է, որ իր համար Եգիպտոսի նախագահը ոչ թե հեղաշրջում իրականացրած Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին է, այլ՝ Մոհամեդ Մուրսին, ով 2012 թվականի ամռանը Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրություններում հավաքել է քվեների 52 տոկոսը:

Էրդողանը հիշեցրել է, որ եգիպտական դատարանը 106 իսլամականի, ներառյալ՝ Մուրսին, դատապարտել է մահվան, և այդպիսի պարագայում ԵՄ-ն «շարունակում է լռություն պահպանել»՝ չնայած նրան, որ ԵՄ-ում արգելված է մահապատիժը:

Էրդողանի խոսքերով՝ ժողովրդավարական երկրների ու քաղաքական գործիչների համար չեն կարող ընդունելի լինել զինվորական հեղաշրջումներն ու դրանց արդյունքները, ինչի համար էլ իրենք ալ-Սիսիին չեն ճանաչում՝ որպես Եգիպտոսի նախագահ:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հարթակներում քայլեր է ձեռնարկում՝ կանխելու համար Մուրսիին մահապատժի ենթարկելը:

Տեսանյութեր

Լրահոս