ԵՄ-ն տապալել է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ մայիսի 21-22-ը Ռիգայում կայացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, ըստ ամենայնի, միայն ընդգծում է ԵՄ-ի ծրագրի ձախողումը, որի շրջանակներում նա փորձել է հետխորհրդային 6 երկրի դուրս բերել Մոսկվայի ազդեցության ուղեծրից և հրապուրել դեպի «Բրյուսելի գիրկը»:
ԵՄ-ն «Արևելյան գործընկերությունը» ստեղծել է՝ հուսալով, որ կկարողանա խոչընդոտել հետխորհրդային հանրապետությունների վրա Ռուսաստանի ազդեցությանը, ընդ որում՝ ծրագրին մասնակից երկրներին տալով չափազանց մշուշոտ հեռանկարներ՝ կապված ԵՄ-ին անդամակցելու հետ:
Նախորդ տարի Ուկրաինայի արևելքի հակամարտությանը ռուսական միջամտությունը վերջնականապես խառնեց ԵՄ-ի պլանները, և, բացի այդ, վեց երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Բելառուսը, անդամակցեցին ԵՏՄ-ին, որը ներկայացվում է՝ որպես ԵՄ-ի մրցակից:
Ադրբեջանը, որի էներգապաշարների կարիքն ունի Եվրոպան, կորցրել է ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթաժողովին: ԵՄ-ի անդամները չեն կարող մշակել միասնական գիծ, թե ինչ է անհրաժեշտ ներկայումս. Էլ ավելի՞ ակտիվացնել «Արևելյան գործընկերությունն» առաջ տանելը, թե՞ նվազեցնել հավակնությունը:
Ռիգայի գագաթաժողովից առաջ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ նախկինի նման հավատարիմ են «Արևելյան գործընկերության» գաղափարին: Սակայն նրանց խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան չի պատրաստվում զայրացնել Ռուսաստանին:
ԵՄ-ում սկսում է գերակայել Ռուսաստանի հանդեպ ավելի պակաս ռազմաշունչ տրամադրվածությունը, քան նախկինում էր: Թերթն ընդգծում է, որ Ուկրաինան ու Վրաստանը, որոնք ունեն ամենաուժեղ եվրոպամետ տրամադրվածությունը, ինչպես նաև Մոլդավան, հազիվ թե «գայթակղիչ բաներ» ստանան Ռիգայի գագաթաժողովում:
ԵՄ-ն չի ցանկանում նրանց տալ որևէ խոստում՝ կապված եվրաինտեգրման ու միությանը հնարավոր անդամակցության հետ, մի շարք երկրներ չեն ցանկանում դիտարկել ԵՄ-ին հետխորհրդային հանրապետությունների միանալու անգամ մշուշոտ հեռանկարը:
Նույնիսկ Ուկրաինայի ու Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմի հարցը, ամենայն հավանականությամբ, լուծում չի ստանա գագաթաժողովի շրջանակներում: