Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում: Նա նշել է, որ անձամբ մասնակցելու է Ազգային ժողովի այգում ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողությանը եւ հույս հայտնել, որ տնկվող սակուրաները կխորհրդանշեն երկու ժողովուրդների բարեկամության հարատեւությունը:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Չիկահիտո Հարադային մաղթել է նոր հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: