Բաժիններ՝

«Ուկրաինան կկորցնի Մարիուպոլը». «Գրիբոյեդով» ակումբի հյուր Պրիլեպինը Երևանում սպառնաց Կիևի իշխանություններին

«Ուկրաինական հակամարտությունը դեռ կշարունակվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և Մինսկյան պայմանավորվածություններին: Նա նշեց, որ արդեն սովորական են դարձել այն ճնշումները, որոնք Արևմուտքը գործադրում է Ռուսաստանի նկատմամբ: Նրա գնահատմամբ` դա Ռուսաստանի համար բնականոն մի իրավիճակ է, քանի որ նոր չէ:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կան ոչ միայն ներկայումս, այլև 18-րդ դարում, և այլն, և այլն: Այս տնտեսական պատերազմը շարունակում է ընթանալ` հիմքում ունենալով պատճառներ և նույնիսկ՝ անհիմն, բայց կարծես նորմալ է, երբ Եվրոպային թվում է, որ ինչ-որ բան պետք է լինի այսպես, իսկ Ռուսաստանը կարծում է, որ պետք է լինի այլ կերպ»,- փորձեց պարզաբանել Պրիլեպինը: Նրա համոզմամբ` կողմերը փորձում են հարգել, իրագործել Մինսկյան պայմանավորվածությունները: Սակայն նա պատմեց այն տպավորությունների մասին, որոնք ստացել է Դոնբաս կատարած իր այցերի ընթացքում: «Վերջին ինն ամիսների ընթացքում վեց անգամ եղել եմ Դոնբասում, ես այնտեղ երկար ժամանակ եմ անցկացրել, իրավիճակին բավականին մոտիկից և խորքից եմ ծանոթ: Կարող եմ մի բան ասել, որ այն ուժեղ մասնակցությունը, որը Ռուսաստանը Դոնբասում ունեցել է, իսկ ՌԴ-ն ունեցել է, մենք դա հասկանում ենք, խաղաղապահ է եղել:

Ավելի մեծ խաղաղապահ, քան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, այս իրավիճակում չկա, քանի որ երբեք ռազմական գործողություններն աշխարհազորայինների կողմից չեն նախաձեռնվում, միայն ուկրաինական կողմից: Աշխարհազորայինները նստում-սպասում են, թե երբ է լինելու ուկրաինական հերթական հարձակումը: Երբ հարձակում է լինում, նրանք ներգրավվում են և սկսում են դիմակայել: Եթե լինի նոր սրում, ապա Ուկրաինան կկորցնի Մարիուպոլը, որովհետև կիևյան իշխանությունները գտնվում են փակուղում, պարադոքսալ մի իրավիճակում, քանի որ ամեն անգամ, երբ խախտում են հրադադարի համաձայնագրերը, սկսում են պարտվել, և այդպես է միշտ: Ես գլխի եմ ընկնում, որ Մոսկվան է արգելում հակամարտության ցանկացած լարում, այլապես լարում կլիներ»,- ասաց Պրիլեպինը: Ռուսաստանցի գրողը համոզված է, որ առաջիկայում իրավիճակը կշարունակվի այն տրամաբանությամբ, ինչ այսօր, քանի որ, ըստ նրա, կիևյան իշխանությունները լարում են իրավիճակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս