Հրաժարվել են Հ. Զաքարյանի աչքը հեռացնելու մտքից. «Անզոր ենք Ս. Խաչատրյանի դեմ, Աստված իմ երեխի աչքի լույսը վերականգնի…». ԳԱԼԱ
Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանը, ինչպես հայտնի է, հոր՝ Գ. Զաքարյանի հետ գտնվում է Մոսկվայում:
Երեկ որոշել էին վիրահատել եւ հեռացնել Հարություն Զաքարյանի աչքը, սակայն Հարությունը եւ հայրը հրաժարվել են բժիշկների այդ առաջարկից եւ որոշել են դիմել այլ բժշկի: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց տուժածի մայրը՝ Անահիտ Գալստյանը:
«Երեկ արդեն նման որոշում կար, ամուսինս ասաց, որ էլ հնար չկա, պրոֆեսորն ասում է, որ չի վերականգնվի տեսողությունը: Վիրահատություն, բան, ասացին՝չի օգնի, եւ եթե աչքը չհեռացնեն, կնշանակի, որ կվատանա նաեւ մյուս աչքի տեսողությունը: Հոգուս տունը ոնց որ փլվեր, չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ: Բայց այսօր առավոտ ամուսնուս հետ նորից խոսեցի, ասաց՝ հլը սպասում ենք»:
Տիկին Գալստյանն ասաց, որ ամենալավ մասնագետներն են հետաքրքրված որդու առողջական հարցերով, մեկ այլ բժշկի են դիմել, ով վստահեցրել է, որ փոքրիկ հույս կա տեսողությունը վերականգնելու հետ կապված, եւ պետք է փորձել վիրահատել:
«Հիմա դեղեր են տալիս, անընդհատ սիստեմաներ, սիստեմաներ, այսօր առավոտ իմացա, որ մյուս աչքի տեսողությունը մի փոքր լավացել է, ուրախացա, բայց էն մեկը, չգիտեմ… հիմա էլ ասում են՝ փորձելու են հինգշաբթի օրը վիրահատել, բայց լրիվ հույս չեն տալիս, որ կվերականգնվի… Կփորձեն, եթե չստացվի, հաջող չլինի վիրահատությունը, կհեռացնեն…»,- ասաց տիկին Անահիտը:
Նա ասաց նաեւ, որ մյուս որդին՝ Մուշեղ Զաքարյանը, ով եւս տուժել էր միջադեպից, այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հիմա տանն է:
«Քիթը վիրահատել են, սկսում է շնչառությունը վերականգնվել, բայց ուժեղ գլխացավեր ունի, շատ ուժեղ, սարսափելի գլխացավեր են, ինչի հետ են կապված, չգիտեմ»:
Անդրադառնալով քրեական գործին ու Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու անպատժելիությանը՝ տիկին Գալստյանն ասաց.
«Մենք անզոր ենք, վերջ, ուրիշ ինչ կարող ենք անել, դիմել ենք օրգանին, բայց ոչ մի հույս էլ չունենք… Սպասում ենք: Աստված իմ երեխեքի թիկունքին, Աստված իմ երեխին պահապան լինի ու իրա աչքի լույսը վերականգնի, ուրիշ էլ ոչ մի բան չեմ ուզում»,- ասաց Անահիտ Գալստյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: