Հանրաքվեի ցուցանիշը պայմանավորված է նաև Սուրիկ Խաչատրյանի անձո՞վ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը համայնքների խոշորացման հարցով մայիսի 17-ին անկացված հանրաքվեին քաղաքացիների մասնակցությունը գնահատում է բավարար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ. Տերտերյանը նշեց, որ տարբեր համայնքներում մասնակցել է քաղաքացիների 30-60% և սա չի կարելի համարել տապալում:
«Եթե դուք նկատի ունեք, որ քիչ է, ես էլ գտնում եմ, որ շատ նորմալ է: Համեմատած նախորդ ընտրությունների հետ գուցե… պատճառը կարող է լինել այն, որ անձնավորված ընտրություն չի եղել, այսինք՝ չեն եղել պայքարող թիմեր, չկան ավագանու անդամներ և չկան շատ շահագրգռված ուղիղ մասնակցիներ»,- ասաց Վ.Տերտերյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզում գրանցված արդյունքին՝ 94% կողմ, փոխնախարարն այդ ցուցանիշը պայմանավորեց նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձով, բայց բացառելով, որ դա եղել է վախի և ահաբեկումների հետևանք. «Իհարկե, պայմանավորում եմ, լավ իմաստով պայմանավորում եմ նաև իր անձով, իմ անձով, փորձագետների, գյուղապետերի անձով»: