Բերձորում հանդիսավորապես նշել են քաղաքի ազատագրման 23-ամյակը

Նախօրեին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի` արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում` նվիրված քաղաքի ազատագրման 23-ամյակին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պատվիրակություններ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, Երևանից, ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչությունից, երիտասարդներ Ստեփանակերտից, ովքեր ծաղիկներ են դրել արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողին:

Բերձորի ազատագրման 23-ամյակի առթիվ իր շնորհավորական խոսքում Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ շրջկենտրոնի ազատագրմամբ ոչ միայն ցամաքային կապ է ստեղծվել Մայր Հայաստանի հետ, այլև դրվել է հայոց պատմական հայրենիքի մի հատվածի՝ Քաշաթաղի ամբողջական ազատագրման հիմքը:

11289909_1119876184696234_576459489_n

Վարչապետը նկատել է, որ Քաշաթաղը ներկայումս հանրապետության առաջանցիկ տեմպերով զարգացող շրջաններից է, հատկապես մեծ ձեռքբերում է արձանագրվել ծնունդների թվի աննախադեպ աճի առումով: Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ այսուհետ ևս Արցախի իշխանությունները կշարունակեն քայլեր ձեռնարկել շրջանի խնդիրների լուծման, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և տնտեսական զարգացման շարունակականությունն ապահովելու համար:

Այնուհետև վարչապետը արժեքավոր նվերներ է հանձնել մարտական գործողություններին մասնակցած մի խումբ ազատամարտիկների, ինչպես նաև իրենց գործում լավագույնը ճանաչված ուսուցիչների:

11254062_1573477526248782_6718833587255360831_n

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջանի նորընտիր պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը և ազատամարտիկներ:

Բերձորի 23-ամյակի կապակցությամբ արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներ, ինչպես նաև շրջանի զարգացման գործում զգալի ավանդ ներդրած տարբեր բնագավառների աշխատակիցներ պարգևատրվել են ԼՂՀ Ազատամարտիկների միության, ՀՀ ԵԿՄ-ի հուշամեդալներով ու թանկարժեք նվերներով:

11289939_1119877528029433_922748868_n

Հանդիսավոր միջոցառումից հետո վարչապետ Արայիկ Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը և միջոցառման մյուս մասնակիցներն այցելել են Բերձորի պատմաերկրագիտական թանգարան և քաղաքային գրադարան, որտեղ ծանոթացել են ներկայացված ցուցանմուշներին:

11267148_1119877028029483_1871496863_n

Վարչապետը հետաքրքվել է այդ մշակութային օջախների խնդիրներով` խոստացել աջակցել դրանց լուծմանը: Այնուհետև Ա. Հարությունյանը ներկա է եղել քաղաքում անցկացվող բիլիարդի մրցաշարի եզրափակիչ փուլին՝ նվիրված Բերձորի ազատագրման 23-ամյակին:

Նշենք, որ տոնակատարությունների շրջանակում Բերձորի Վեհափառի հրապարակում կայացել է տոնական համերգ, որն ավարտվել է շքեղ հրավառությամբ:

11253828_1119876211362898_625322611_n

 

Տեսանյութեր

Լրահոս