Մուրսիին մահապատժի ենթարկելը քաոսային իրավիճակ կառաջացնի ոչ միայն Եգիպտոսում, այլև՝ ողջ Մերձավոր Արևելքում. Էրդողանի խոսնակ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտագործել հնարավոր բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի հասնեն Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացված դատավճռի չեղյալ հայտարարմանը:
Ավելի վաղ Կահիրեի դատարանը Մուրսիին ու նրա համակիրներին դատապարտել է մահվան՝ կապված 2011 թվականի սկզբին՝ եգիպտական հեղափոխության օրերին, բանտից զանգվածաբար փախչելու և լրտեսական գործունեություն ծավալելու հետ:
Քալընն ընդգծել է, որ Թուրքիան տվյալ հարցի շուրջ խորհրդակցում է Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Պարսից ծոցի մյուս երկրների հետ և մտադիր է այդ հարցի լուծման մեջ ներգրավել միջազգային հանրությանը.
«Մենք պլանավորում ենք գործի գցել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները և, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը: Մուրսիին մահապատժի ենթարկելը կարող է քաոսի մեջ ներքաշել ոչ միայն Եգիպտոսը, այլև՝ մերձավորարևելյան տարածաշրջանը»:
Իբրահիմ Քալընի խոսքերով՝ Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո մարդու իրավունքների ոլորտում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, ինչի վկայություններից մեկն էլ 106 մարդու մահվան դատապարտելու մասին՝ դատարանի որոշումն է.
«Նրանք, ովքեր երեկ դեմ էին արտահայտվում հեղաշրջմանը, այսօր լռություն են պահպանում այս մահապատիժների թեմայի շուրջ»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես դատապարտել է Կահիրեի դատարանի այդ որոշումը: