ՀՀ նախագահը իր ընտրությունն արդեն կատարել է. Վիտալի Պորտնիկով

«Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արևելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ դրական սպասելիքներին և շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռիգայում կհայտարարվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մասին:

Նրա խոսքով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես՝ ՀՀ նախագահը խաբում է իր ժողովրդին, եթե հայտարարում է, որ Հայաստանը Եվրոպական միությանը տարբեր մակարդակներով ինտեգրվելու կամ ասոցիացվելու հնարավորություն ունի: Վիտալի Պորտնիկովը պնդում է՝ դա հնարավոր չէ: «Այն երկրները, որոնք արդեն միացել են Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակ կանոնների ներքո կարող են գործել այլ երկրների ու միությունների հետ, սրանք բոլորովին անհամատեղելի երկու ինտեգրացիոն գործընթացներ են: Ուստի այն երկիրը, որը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, կարող է մոռանալ Եվրոպական միության մասին վերջնականապես, քանի դեռ չի լքել այդ միավորումը: Կարծում եմ, որ ՀՀ նախագահն իր ընտրությունն արդեն կատարել է, այն է՝ տնտեսական ինտեգրացիան Ռուսաստանի հետ: Եվրոպական միության հետ տնտեսական, քաղաքական ինտեգրացիա Հայաստանը չի կարող ունենալ, քանի դեռ երկրի նոր իշխանությունները նոր որոշում չընդունեն և չլքեն այդ միությունը»,- ասաց Վիտալի Պորտնիկովը` ակնարկելով, որ նույնիսկ որոշակի համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու, եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու հնարավորություն չի ունենա, քանի որ միացել է այլ արժեհամակարգի կրող Եվրասիական տնտեսական միությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս