Կեռասի օգտակար հատկությունները
Ապացուցված է, որ Կեռասենին-(Cerasus avium) հայտնի է եղել տասը հազարամյակ առաջ։ Այն հանդիպում է բնության մեջ։ Հնագույն ժամանակներում համարվել է, որ կեռասենու ծաղիկը երազի մեջ երջանկության նշան է, իսկ կեռասի բերք հավաքելը` հաջողության։ Բրիտանացիները դրուիդների ժամանակներից գուշակում են կեռասենու պտուղներով` «Կամուսնանամ այս տարի, հաջորդ տարի, չգիտեմ երբ, երբեք»։ Հասկանալի է, որ դրական պատասխանին համապատասխանում են 5, 9,13… թվերը, իսկ բացասականին` բոլոր չորսի բաժանվող թվերը, եւ այլն։
Սինտոիզմում համարվում է, որ սակուրայի ծաղիկները մահացած նախնիների հոգիներն են, իսկ ամուր կորիզի խորքում թաքնված է նոր կյանքը։ Քրիստոնեական մշակույթում կեռասը համարվում է ուրախ կյանքի խորհրդանիշ, դրախտային պտուղ։ Մեր հայրենիքում ստացվել եւ մշակվում են կեռասի բազմաթիվ հիբրիդային տեսակներ` դեղին, վարդագույն, մուգ կարմիր, սեւ պտուղներով։ Կեռասն ունի բարձր սննդային արժեք, բուժիչ հատկություններ, հետաքրքրություն է առաջացնում որպես պուրակային ծառատեսակ։
Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։ 100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։ Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։ Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։ Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։
Տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։
Բալենու համեմատ` կեռասենու պտուղներն ավելի հարուստ են կարոտինով եւ երկաթով, սակայն զիջում են ֆոլիաթթվի, B խմբի վիտամինների քանակությամբ։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերեւներն ու ծաղիկները` մրսածության դեպքում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կեռասենու պտուղները, պտղակոթերը, տերեւը, բողբոջը, ծաղիկները եւ արմատը։
Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։
Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։ Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։ Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։
Ամերիկացի հոգեբանների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ կեռասի պտուղների սիրահարները ունեն հանգիստ եւ բարի բնավորություն, նրանք անկեղծ են իրենց զգացմունքների մեջ եւ ընդունակ զոհաբերությունների, հոգու խորքում միշտ երեխա են մնում, փոքրիկ անակնկալների սիրահարներ են։ Գիտնականները հաստատել են նաեւ, որ եթե մարդ ամեն օր` առավոտյան եւ երեկոյան, ուտի մի քանի հատիկ կեռաս (թարմ կամ պահածո), ապա զգալիորեն կնվազի սրտի հիվանդությունների վտանգը։ Վիտամին A-ի բարձր պարունակության շնորհիվ կեռասի պտուղներն օգտակար են մաշկին, դրանց օգտագործումը պահպանում է մաշկը արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Վիտամին A-ի պարունակությունը բաց գույնի պտուղներում ավելի մեծ է։ Կեռասի բերքահավաքը կատարվում է պտղակոթով, որպեսզի հնարավոր լինի որոշ ժամանակ պահպանել, ինչպես նաեւ` բնական հյութի կորուստ չառաջանա։
Կեռասի (բալի) պտղակոթերն օգտակար են միզապարկի բորբոքման դեպքում, դրանցից պատրաստված եփուկը կարող է մանրացնել ոչ մեծ` մինչեւ 5 մմ քարերը։
- 1 ճ/գ մանրացրած պտղակոթերը 5-10 րոպե եփեք 300 մլ ջրի մեջ, թրմեք 60-90 րոպե (փակ վիճակում) տաք տեղում։ Քամեք, բաժանեք 3 մասի։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ` 1 թ/գ մեղրի հետ։ Ժամկետը` 10-15 օր։ Քրոնիկ ցիստիտի դեպքում դեղն ընդունելուց հետո 15-20 րոպե պառկեք, դրեք պորտից ներքեւ ջեռակ, հետո նոր սնվեք։ Բուժման ժամկետը` մինչեւ 45 օր։ Բժշկի հսկողությունը եւ հետազոտումը պարտադիր է։
Տեսողության անկման դեպքում. Կերեք սեզոնին օրը 300 գրամ թարմ պտուղ։
Արյունահոսող թութքի դեպքում. 25 գրամ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0,5 լ եռջրով։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ժամկետը` 3 շաբաթ։
Արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) դեպքում. 100 գրամ պտուղների վրա լցրեք դառը, կարմիր խաղողի գինի։ Թրմեք 2 օր արեւի տակ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։
Սակավարյունության դեպքում. Մանրացրեք եւ խառնեք 5 գ արոսի եւ 15 գ կեռասի տերեւներ, 30 գ ուրցի խոտ եւ 50 գ վաղենակի ծաղիկ։ Մեկ ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք կես ժամ, խմեք սնունդ ընդունելուց առաջ, ոչ մեծ կումերով։ Միջոցը շատ օգտակար է նաեւ մրսածության դեպքում։
Կեռասը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։
Սնուցող դիմակներ
Անհրաժեշտ է ընտրել բաց երանգները` դեղին, թույլ վարդագույն։ Դիմակների համար օգտագործեք կեռասի կեղեւից եւ կորիզից մաքրած պտղամիսը։
- Խառնեք 20-30 հատ կեռասը մեկական թ/գ բուսայուղի, հեղուկ մեղրի, կիտրոնահյութի հետ։ Շիլայատիպ համասեռ զանգվածը քսեք դեմքին, պահեք 15 րոպե, մաքրեք տաք ջրում թրջած սրբիչով։
- Խառնեք 15 հատ կեռասին 1 ձվի դեղնուց, 1-2 թ/գ գազարահյութ, քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին, 15 րոպե անց լվացեք (առանց օճառի) տաք ջրով։
2011թ.
«168 ԺԱՄ»