«Բուհն ինչ-որ կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխես». Հոգեբան
«Բուհն ինչ-որ կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխես, բուհն ունի իր համակարգը տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը, ըստ որի՝ դա աբսուրդի գագաթնակետն է:
Հիշեցնենք, որ օրերս Քաղաքաշինության նախարարության կոլեգիայի նիստում Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հանդես է եկել նախագծով, որ առաջիկա տարիներին Երևանի բուհերից մի քանիսը տեղափոխվեն Գյումրի՝ հիմնավորելով, որ պետք է Երևանի ծանարբեռնվածությունը թուլացնել, Գյումրիի զարգացումը խթանել և այդ բուհերի շենքերի տարածքները վերածել հյուրանոցների:
Հոգեբանը կարծում է՝ Երևանից դասախոսական անձնակազմն էլ չի գնա Գյումրի, այն ուսանողությունը, որը Երևանում պետք է սովորեր, չի գնա այնտեց. «Ոչ թե այստեղ կփակվի, այնտեղ կբացվի, այլ կստեղծվի լրիվ ուրիշ մի բան՝ համապատասխան տվյալ քաղաքի հնարավորությունների մակարդակին»:
Ս. Խուդոյանի դիտարկմամբ՝ դրանից կշահեն մասնավոր բուհերը, քանի որ այն դասախոսական անձնակազմը, որը չի գնա Գյումրի (իսկ չեն գնա հիմնականում լավ դասախոսները) արդեն կանցնեն մասնավոր բուհերի տիրույթ:
Հոգեբանը նաև կարծում է՝ Երևանը ծանրաբեռնված չէ. «Ինչո՞վ է ծանրաբեռնված Երևանը, փոքր, հանգիստ քաղաք է, համեմատե՞լ են ինչ-որ ուրիշ երկրի քաղաքների հետ, ինչո՞վ է ծանրաբեռնված»:
Ըստ նրա՝ բուհը տեղափոխել այլ քաղաք՝ անհնար բան է, այդ բուհը կոչնչանա. «Էլ այդ բուհը չի լինի, կլինի ուրիշ բուհ՝ տվյալ քանակի ներուժի մակարդակի: Այսինքն՝ եթե Օքսֆորդը Երևանում բացես, դա էլ Օքսֆորդ երբեք չի լինի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: