Բաժիններ՝

Լեհաստանի նախագահի թեկնածուն կոչ է արել երկրում ծավալել ՆԱՏՕ-ի բազաներ

WPROST կայքի փոխանցմամբ՝ «Արդարություն ու իրավունք» կուսակցությունը ներկայացնող Լեհաստանի նախագահի թեկնածու Անջեյ Դուդան կոչ է արել երկրում ստեղծել ՆԱՏՕ-ի բազաներ:

Այդ մասին նա հայտարարել է մայիսի 17-ին՝ իր հիմնական մրցակից, Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ բանավեճի ժամանակ:

Դուդան հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը Վարշավայում տեղի է ունենալու 2016 թվականին, և մինչ այդ իրենք պետք է ստանան անվտանգության հավելյալ երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեսքով, որոնք պետք է տեղակայվեն երկրի տարածքում:

Դուդան նաև հիշեցրել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնագրին՝ Լեհաստանում ցայժմ գոյություն չունի հակահրթիռային վահան: Դուդայի խոսքերով՝ Ուկրաինայի արևելքում պատերազմը չի բխում Լեհաստանի ու ԵՄ-ի շահերից, սակայն դրա հետ մեկտեղ նա կասկածի տակ է դրել լեհ խաղաղապահներին Դոնբաս ուղարկելու նպատակահարմարությունը:

Դուդան վստահություն է հայտնել, որ ուկրաինական հարցն անհրաժեշտ է լուծել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջոցով: Մայիսի 10-ին Լեհաստանում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Դուդան հավաքել էր քվեների 34.76 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից Բրոնիսլավ Կոմորովսկին՝ 33.77 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս