«Մինչև ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելը Սարգսյանը ստիպված կլինի խնդրել Պուտինի թույլտվությունը»

Մեր զրուցակիցն է ռուս հրապարակախոս, ընդդիմադիր գործիչ,  «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին

– Պարոն Պիոնտկովսկի, նախօրեին Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեյ Սելպնյովը ներկայացրել է ԵՏՄ-ում տիրող տնտեսական ծանր կացությունը, տեղեկացրել, որ միության մի շարք ցուցանիշներ հուսադրող չեն, բոլոր ուղղություններում հորիզոնական իջեցում է նկատվում, սակայն այս իրավիճակում ԵՏՄ-ն շարունակում է աշխարհագրությունն ընդլայնելու, նոր շուկաների հետ համագործակցությունը բացելու փորձերը։ Առաջիկայում ԵՏՄ-ն ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրի Վիետնամի հետ։ Ըստ Ձեզ` հաջողվելո՞ւ է հաղթահարել այս դժվարությունները կամ հաջողվելո՞ւ է պահպանել միությունն ընդհանրապես։

– Եվրասիական տնտեսական միությունը, բնականաբար, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն են, այս երեք երկրների մասին պետք է խոսել, քանի որ Հայաստանի դեպքում պարզապես որևէ միասնական մոտեցում չի գործում. չկան ընդհանուր սահմաններ, և այդ իմաստով` Հայաստանը կարծես դուրս է մնացել։ Բայց դա վատ չէ, քանի որ եվրասիական երեք երկրների միջև լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս։ Ի դեպ, այդ խնդիրների պատճառները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական, քանի որ Կրեմլը մեծ հավակնություններ ունի` խոսելով «Ռուսական աշխարհ» ծրագրի մասին։

Այս ծրագիրն ակնհայտորեն վախեցրել է և՛ Նազարբաևին, և՛ Լուկաշենկոյին, քանի որ իր այդ ծրագրով Ռուսաստանը պարտավորվում է աշխարհի բոլոր անկյուններում ապրող էթնիկ ռուսների իրավունքները, ռուսալեզու բնակչության իրավունքները պաշտպանել, ինչն արեց Ուկրաինայում։ Հայտնի է, որ այս ծրագրի թիրախում է Ղազախստանի հյուսիսը, որտեղ հիմնականում ռուսներ են ապրում, իսկ Բելառուսում ընդհանրապես դժվար է սահմաններ գծելը, ռուսներն այդ երկրում սփռված են ամենուր։ Այս երկրներում գլուխ բարձրացրած անհանգստությունը ստիպել է, որ այս երկրները նաև տնտեսական սահմանափակումներ մտցնեն Ռուսաստանի հետ հարաբերություններում, չձգտեն էլ ավելի մերձեցման։ Այս երկրներն արդեն չեն էլ թաքցնում, որ միությունը Ռուսաստանի իմպերիալիստական ձգտումների, հավակնությունների և երևակայությունների ծնունդն է։

Չէ՞ որ Կրեմլն այս միության ձևավորմամբ չէր փնտրում իր տնտեսական խնդիրների լուծումը, ուստի առաջացած խնդիրների կարգավորում նույնիսկ սպասել չարժե։ Կրեմլը պարզապես ստեղծեց միություն, որը կհաստատեր իր գերակայությունը մյուս երկրների նկատմամբ հետսովետական տարածքում, սա ավելի շատ աշխարհահոգեբանական միություն է և ոչ թե` տնտեսական։ Սա այն էր, ինչի մասին մենք կանխատեսում էինք, և դեռ այս ընթացքը կշարունակվի ապագայում, այսինքն` հետընթացը։

– Ակնհայտ է, որ Մոսկվան շարունակում է այդ ծրագրին կարևորություն տալ, քանի որ պուտինյան փորձագետները խոսում են այդ միությանը Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցության մասին, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քանի որ այդ խոսակցություններին զուգահեռ` խոսվում է, որ ավտոմատ կերպով կլուծվի նաև Ղարաբաղի հարցը, այն կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Որքան էլ անհեթեթ հնչի այս սցենարը, այն բացառել չի կարելի։ ԵՏՄ նման ընդլայնման հնարավորություն տեսնո՞ւմ եք, քանի որ Ադրբեջանի անդամակցությունը Ռուսաստանն ինչ-որ բանով պետք է «գնի»։

– Ես այս երկրների անդամակցությունը բացարձակապես բացառում եմ։ Թուրքիան ինքնուրույն խաղացող է, որը Ռուսաստանի կողմից ղեկավարվող որևէ միության անդամ չի դառնա, իսկ Ադրբեջանը, առաջին հերթին` հիմնվում է Թուրքիայի վրա, երկրորդ հերթին` շատ խնամքով է վերաբերվում սեփական ինքնիշխանությանը, քանի որ իր աչքի առջև ունի Հայաստանի օրինակը, հասկանում է, թե ինչ վիճակում է Հայաստանը` իր ԵՏՄ անդամակցությամբ, որը սահմանափակել է խաղերի հնարավորությունն Արևմուտքի հետ։ Ադրբեջանը` դատելով ներկայիս իշխանությունների քաղաքականությունից, նման իրավիճակում հայտնվելու ցանկություն չունի։

– Այսինքն` այս միությունն ունենալու է արհեստական բնո՞ւյթ, թե՞ միգուցե ոչ էլ արհեստական։

– Ես կարծում եմ, որ այո, դեռ կունենա արհեստական բնույթ` սպասարկելու համար Ռուսաստանի` գերակա դիրքեր ունենալու երևակայական մտքերը, և ոչ` ավելին։

– Թեև միությունը հայտնվել է փակուղում, և Ձեր համոզմամբ` չի կրելու որևէ իմաստ, Հայաստանը փորձում է հստակեցնել իր դերակատարությունն այդ միությունում՝ առաջարկելով ստանձնել կամուրջի դերակատարություն։ Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՏՄ-ն դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, և անհրաժեշտ է շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես` Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով։ Հայաստանի այս բոլոր ջանքերն անիմա՞ստ են։

– Ըստ էության, այո, քանի որ այդ միությունում հիմնադիր երեք երկրների միջև նույնիսկ կան լուրջ տարաձայնություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ, և Բելառուսն ու Ղազախստանն առանձնապես հետաքրքրված չեն պրոյեկտի զարգացմամբ, կարծես սպասում են։

– Պարոն Պիոնտկովսկի, առջևում Արևելյան գործընկերության գագաթաժողովն է Ռիգայում։ Հայաստանի հետ ապագա համաձայնագրի հարցն ընդգրկվելու է Ռիգայի գագաթաժողովի ընդհանուր հռչակագրում։ Իսկ համաձայնագիրը, ըստ տեղեկացված փորձագետների, բավական լայն օրակարգ է ունենալու, և ոչ միայն` քաղաքական բնույթի, ինչը սովորաբար սպառնալիք է դիտարկվում Մոսկվայի կողմից։ Ըստ Ձեզ` հնարավո՞ր է սեպտեմբերի 3-ի կրկնություն, այս նոր ծրագրերն ինչպիսի՞ արձագանք կառաջացնեն Կրեմլի մոտ։

– Մոսկվան կասկածանքով է վերաբերվում Եվրոպական ուղղության վրա Հայաստանի ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես ա՞յց, համաձայնագրի շուրջ բանակցությո՞ւն, թե՞, առավել ևս, համաձայնագիր։ Մինչ որևէ համաձայնագիր ստորագրելը ՀՀ նախագահը ստիպված կլինի մեկնել Մոսկվա և Պուտինից թույլտվություն խնդրել։ Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլևս չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այդ քաղաքականությունն ուղղորդվում է Մոսկվայից։

Այսինքն` պետք է պատրաստ լինել ամեն սցենարի և հիմնականում հետևյալի` թույլ կտա Պուտինը` կստորագրի Սարգսյանը, չի թույլ տա Պուտինը, Սարգսյանը, բնականաբար, չի ստորագրի, ինչպիսի ճակատագրի որ արժանացավ Եվրոպական միության հետ տարիներ շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունում որևէ փոփոխություն առանց Կրեմլի տեղի չի ունենում, ու քիչ հավանական է, որ Ռիգան կամ ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունները բացառություն լինեն։

Տեսանյութեր

Լրահոս