Աղվան Հովսեփյանը՝ Գորիսի միջադեպի շարժառիթների մասին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ներկայացել է, նա հարցաքննվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ Հարցին, թե պարզվե՞լ է վիճաբանության շարժառիթը, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ գործում կան նախնական տվյալներ շարժառիթի վերաբերյալ, որոնք ստուգվում են. «Ասեմ, որ այդ շարժառիթներն էական չեն։ Կենցաղային»։
Միջադեպից հետո աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետը, խոսվեց այն մասին, որ պաշտոնանկությունը կապված էր հենց այդ միջադեպի հետ։ Հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեում պաշտոնանկություններ կլինե՞ն, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի՝ ինչու է աշխատանքից ազատվել Գորիսի ոստիկանապետը, չգիտի՝ որքանով է դա կապված միջադեպի հետ, չի կարող մեկնաբանել։
Նա ասաց, որ եթե գործի քննության արդյունքում պարզվի, որ Սյունիքի մարզի քննչական ապարատի աշխատակիցները հանցագործություն են կատարել, նրանց վերաբերյալ գործը կուղարկեն ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, եթե պարզվի, որ կարգապահական խախտումներ են թույլ տվել, կենթարկվեն կարգապահական տույժերի.
«Իսկ եթե պարզվի, որ գերազանց կատարել են իրենց ծառայողական պարտականությունները, կխրախուսվեն»,- ասաց Աղվան Հովսեփյանը։