ՀՅԴ-ն կհամագործակցի «Ալյանսի» հետ, եթե ծրագրերի համընկնում լինի
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է՝ «Ալյանս» կուսակցության առաջադրած մոտեցումները պահանջված են մեր երկրում: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարը, որին ներկա էր նաև Արծվիկ Մինասյանը:
«Տա Աստված, որ համադրվելով այլ կուսակցությունների ծրագրանպատակային մոտեցումների հետ՝ կուսակցությունը երկրում մի այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ կմրցակցեն ծրագրերով, ոչ թե գրպանի պարունակությամբ: Այդ տեսակետից ողջունում ենք նոր ստեղծված քաղաքական միավորի ծնունդը: Տա՛ Աստված, որ կուսակցությունն իսկապես դառնա Հայաստանի քաղաքական համակարգը զարգացնելուն միտված նախաձեռնություն»,- ասաց Ա. Մինասյանը:
168.am-ի հարցին՝ պատրա՞ստ են համագործակցել «Ալյանս» կուսակցության հետ, Ա. Մինասյանը պատասխանեց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եթե ծրագրերի համընկնում լինի. «Այն կանոնադրական կամ ծրագրային նորմերը, որ ես կարդացի, բավականին դրույթներ կային, որ համընկնում էին մեր ծրագրային մոտեցումներին՝ բացի ազատական մոտեցումներին մի քիչ ավելի շատ տեղ տալուց: Մնում է՝ մնացածը թղթի վրայից վերածվի նաև գործողությունների, մենք պատրաստ ենք և քաջալերում ենք նման նախաձեռնությունները, որպեսզի ի վերջո երկրում ձևավորվեն համերաշխության, հանդուրժողականության, դեպի ապագան միտված ծրագրեր»: Հարցին էլ՝ «Ալյանս» կուսակցութան ստեղծումը կարելի՞ է համարել քաղաքական սերնդափոխություն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դժվար է ասել, դա կախված է նրանից, թե ծրագրերն ինչ մակարդակով կարող են իրականացնել. «Եթե իրականացման շրջափուլում այս կուսակցությունը չառաջնորդվի ներխմբային շահերով, այլ դիտարկի համընդհանուր համահայկական ռեսուրսների համախմբումը և առաջ մղի, ես կարծում եմ՝ կարող է հավակնել դառնալու սերնդափոխության կարևոր քաղաքական միավորներից մեկը»: