Բաժիններ՝

Պակիստանում կառուցվում է Ասիայի ամենամեծ խաչը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` պակիստանցի գործարար Փարվեզ Հենրի Ջիլլը մոտ ժամանակներս կավարտի Կարաչիում 14 հարկանի շենքի բարձրությամբ խաչի կառուցումը:

58-ամյա Ջիլլը, ով հայտնի է որպես մոլի քրիստոնյա, հայտարարել է, որ 4 տարի առաջ երազում տեսել Բարձրյալին, ով իրեն կարգադրել է գտնել միջոց` բռնություններից ու չարաշահումներից քրիստոնյաներին պաշտպանելու համար:

Արթնանալուց հետո Ջիլլը որոշել է կառուցել Ասիայի ամենամեծ խաչը. «Այն կդառնա Բարձրյալի խորհրդանիշը և յուրաքանչյուր ոք, ով կտեսնի այն, կձերբազատվի տագնապից»: Ջիլլը հուսով է, որ խաչը կոգեշնչի Պակիստանի քրիստոնյաներին ու հույս կներշնչի նրանց:

Որպես կառուցման վայր` Ջիլլն ընտրել է Կարաչի քաղաքի քրիստոնեական գերեզմանոցը: Ջիլլի վարձած 100 մուսուլման աշխատակիցներից 20-ը հեռացել են այն բանից հետո, երբ հասկացել են, թե ինչ են կառուցում նրանք: Սակայն Ջիլլին օգնության են եկել տեղի քրիստոնյաները, և խաչի կառուցումը կավարտվի ավելի վաղ, քան ակնկալվում էր:

Խաչի բարձրությունը կազմելու է ավելի քան 42.5 մետր, իսկ նրա հորիզոնական մասի երկարությունը` գրեթե 13 մետր: Գործարարը պլանավորում է խաչի բացման արարողակարգին հրավիրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Վերջին մարդահամարի համաձայն` Պակիստանում բնակվում է մոտ 180 միլիոն մարդ, որոնց 1.5 տոկոսը քրիստոնյաներ են: Պակիստանի կաթոլիկ ու բողոքական համայնքների առաջնորդները պնդում են, որ իշխանությունները միտումնավոր նվազեցնում են քրիստոնյաների թիվը, որոնք նրանց տվյալներով կազմում են բնակչության 5.5 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս