Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին

«Գագիկ Ծառուկյանը մարզեր այցելել է միշտ: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում: Պարոն Ծառուկյանը արել է իր հայտարարությունը, որ ինքը հեռացել է քաղաքականությունից, զբաղվելու է ակտիվ բարեգործությամբ և իր այցը Արմավիրի մարզ մթերման հետ է կապված, երբ բազմաթիվ մթերողներ ուղղակիորեն հայտարարել են, որ իրենք շատ փոքր ծավալներով են մթերում անելու, իսկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ծավալները չեն փոխվելու: Ավելին՝ ինքը պատրաստ է մթերել առավել մեծ ծավալներ, որպեսզի գյուղացիական տնտեսությունները չտուժեն: Կարծում եմ, դա միայն պետք է ողջունել, ոչ թե դրա տակ փորձել քաղաքական ինչ-ինչ ենթատեքստեր փնտրել»,- այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանն այցելում է մարզեր, հանդիպումներ ունենում, այսինքն՝ նա նորից սկսել է ակտիվանա՞լ:

Մեր հարցին՝ արդյոք Ն.Զոհրաբյանը հանդիպո՞ւմ է Գ. Ծառուկյանի հետ, նա պատասխանեց՝ այո, հանդիպում են, սակայն շեշտեց, որ քաղաքական խնդիրներ չեն քննարկում. «Քաղաքական՝ ոչ, մարդկային հանդիպումներ ունենում ենք: Բայց քաղաքականության մասին ունենք պայմանավորվածություն պարոն Ծառուկյանի հետ չխոսել, և ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը՝ իր հետ քաղաքական հարցեր չքննարկել»:

Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ի աջակից որոշ քաղաքացիներ կարծում են, որ Գ.Ծառուկյանն առայժմ հանդես է գալու որպես բարեգործ, գործարար, իսկ ընտրություններից առաջ վերադառնալու է քաղաքականություն, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են վստահել և հավատալ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին, բայց այս պահին կա Գագիկ Ծառուկյանի մեկ հայտարարություն, որ ինքը հեռանում է քաղաքականությունից: Այլ հայտարարություն չկա: Երբ որ կլինի այլ հայտարարություն, ես պատրաստ կլինեմ քննարկելու այլ մոտեցումներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս