«Հրաչիկ Միրզոյանին դանակահարողը ռեժիմի շահառուն է». «Հիմնադիր խորհրդարան»
Մամուլից հայտնի դարձավ, որ երեկ՝ 2015 թ. մայիսի 12-ին, դատարանը գրավի դիմաց փոփոխել է 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացված «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և նրան ծանր մարմնական վնասվածք հասցրած Ռուդիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նա ազատ է արձակվել:
Նման զարգացումն անսպասելի կամ զարմանալի չէր:
Այս, ինչպես նաև անցնող տարիների ընթացքում զանգվածաբար ու անպատիժ կերպով տեղի ունեցող մյուս բոլոր բռնությունները և ապօրինությունները փաստում են, որ Հայաստանում հաստատվել է պետական պատժիչ մարմինների և օլիգարխիկ-քրեական խմբավորումների համատեղ ուժերով ռեժիմի կառավարումն ապահովող բռնատիրություն, որի արդյունքը սպիտակ ցեղասպանություն է:
Հատկանշական է, որ այս դեպքին զուգահեռաբար՝ Վճռաբեկ դատարանը մերժում է ընդունել Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով բողոքը, իսկ հանցագործություն կատարելուց տասն օր հետո բերմուդյան եռանկյունի հիշեցնող դատախազություն-քննչական կոմիտե-ոստիկանություն միջանկյալ տիրույթում դեռևս շարունակվում է Սյունիքի մարզպետի որդու փնտրտուքը:
Ինչպես պետական մարմիններում, այնպես էլ օլիգարխիկ-քրեական խմբավորումներում ծառայող անձինք գործում են ռեժիմի թելադրանքով կամ հովանավորությամբ, ուստի նրանք ռեժիմի շահառուներն են: Բնականաբար՝ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան պատասխանատվությունից, իսկ հնարավորության դեպքում նաև կարող են պարգևատրվել:
Ներկայիս իրավիճակն առավել վտանգավոր է դառնում ստալինիզմի վերադարձի իրական սպառնալիքի համատեքստում, ինչի դրսևորումներն արդեն շոշափելի են դառնում մեր իրականության մեջ: Իսկ ստալինիզմի վերահաստատման պայմաններում սպիտակ ցեղասպանությունն էլ ավելի վտանգավոր ու լայնածավալ կդառնա:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր արժանապատիվ ուժերին ու քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել սպիտակ ցեղասպանությունն ու խափանել ստալինիզմի վերադարձը՝ առաջին հերթին ձգտելով հեռացնել դրանց իրականացման գործիքի վերածված ապազգային և հանցավոր ռեժիմին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն