ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հավաքվում են Անթալիայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հավաքվում են Անթալիայում՝ քննարկելու համար նոր մարտահրավերներին հակազդելն ու հավաքական պաշտպանության ուժեղացումը:
Բացի այդ, նրանք քննարկելու են Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ հարաբերությունները և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայության հարցը: Վերջին շրջանում առաջին անգամ այդ հանդիպումը չի անցկացվում Բրյուսելում:
Նախարարները մայիսի 13-14-ին կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի (դաշինքի առանցքային քաղաքական մարմին) երկու նիստ և Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի առանձին նիստ:
Ընդ որում՝ նախարարական հերթական հանդիպումն անցկացվում է ՆԱՏՕ-ի երկու առաջատար երկրների ներկայացուցիչների կողմից Ռուսաստան այցելելուց հետո: Խոսքը գնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի մասին:
Վերջինս Անթալիա ժամանելու է Սոչիից, ուր բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: