
Ադրբեջանի ՊՆ-ը չի ակնկալել, որ հայ և ադրբեջանցի զինծառայողները Կարմիր հրապարակում կհայտնվեն միմյանց հարևանությամբ. Ուզեիր Ջաֆարով

BBC News-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր կայքում տեղադրել է մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի զորահանդեսի լուսանկարը, սակայն դա արել է խմբագրելով՝ լուսանկարի վրայից ջնջելով Հայաստանի պետական դրոշը:
Լրատվամիջոցը նշում է, որ դրա «մեղավորը» ռուսական այբուբենն է, որի համաձայն՝ Կարմիր հրապարակով հերթականությամբ անցել են տվյալ երկրների զինծառայողների շարասյունները: Հենց դրա համար էլ հայ զինծառայողների շարասյունը հայտնվել է ադրբեջանական շարասյան անմիջապես թիկունքում:
Ստացվել է, որ կատարված լուսանկարում երևում է միանգամից երկու դրոշ՝ Հայաստանի ու Ադրբեջանի դրոշները: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով՝ Ադրբեջանի ՊՆ-ը չի ակնկալել, որ շարասյունները կընթանան իրար հետևից, քանի որ զորահանդեսի փորձերի ժամանակ նրանք հայտնվել են հրապարակի տարբեր հատվածներում: Ջաֆարովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղ գտած լուսանկարը «ֆոտոշոփի» արդյունք է: