Դոնբասի մարտերում զոհվել է առնվազն 220 ռուս զինծառայող. Նեմցովի զեկույց
RBC-ի տրամադրության տակ է հայտնվել «Պուտին-պատերազմ» զեկույցը, որը Բորիս Նեմցովի հավաքած տեղեկատվության հիման վրա կազմել է փորձագետների խումբը: Նեմցովը չէր հասցրել ավարտել այդ զեկույցը. փետրվարի 27-ին նա սպանվեց Մոսկվայի կենտրոնում:
Հետազոտությունում գնահատականներ են տրվում ռուսական բանակի կրած կորուստներին ու Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի բյուջեի կրած կորուստներին:
64 էջանոց հետազոտությունում տեղ են գտել վկայություններ, ԶԼՄ-ների հրապարակումներ, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքականությանը Ռուսաստանի միջամտության ու Ուկրաինայի արևելքում ռուսական զինված ուժերի ներկայության մասին Նեմցովի սեփական տվյալները:
Հետազոտությունը բաղկացած է 11 գլխից, որոնք ընդգրկում են Ուկրաինայի դեպքերը՝ սկսած իշխանափոխությունից, երբ Կրեմլում սկսեցին մշակել Ղրիմը վերադարձնելու սցենարներ, ավարտած վերջին դեպքերով: Զեկույցը թողարկվել է նվազագույն տպաքանակով՝ 2000 օրինակ:
Նեմցովը զեկույցի համար տվյալներ սկսել էր հավաքել 2015 թվականի սկզբներից: Նեմցովի հայթայթած տվյալների համաձայն՝ 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 150 ռուս զինվոր: Այն ժամանակ ուկրաինական բանակը հարձակման էր անցել, սակայն ռուսական զորքերի կողմից կանգնեցվել էր Իլովայսկի մոտ:
Զեկույցում նշված է, որ զոհված զինծառայողների հարազատները ստացել են 2 միլիոնական ռուբլի և ստորագրություն են դրել, որ չեն հրապարակելու նրանց զոհվելու հանգամանքները: Նեմցովի պնդմամբ՝ մոտ 70 ռուս զինվոր զոհվել է 2015 թվականի հունվար-փետրվարին, Դեբալցովո քաղաքի մոտ:
Զեկույցի համաձայն՝ 10 ամսում ռուսական բյուջեից մոտ 53 միլիարդ ռուբլի է ծախսվել Ուկրաինայի հարավ-արևելքում պատերազմի վրա: Մասնավորապես, 21 միլիարդ ռուբլի պահանջվել է 6000 կամավոր պահելու համար, 25 միլիարդ ռուբլի՝ 30.000 տեղի աշխարհազորային պահելու համար, 7 միլիարդ ռուբլի՝ տեխնիկայի շահագործման, սպասարկման ու վերանորոգման համար:
Ռուսական շրջանային իշխանությունները 80 միլիարդ ռուբլի են ծախսել Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերից ժամանած փախստականների վրա:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ռուսաստանցիները մեկ տարվա ընթացքում կորցրել են 2 տրիլիոն ռուբլի աշխատավարձ ու 750 միլիարդ ռուբլու չափով խնայողություններ:
Արևմտյան պատժամիջոցների ու պատասխան բեռնարգելքի պատճառով Ռուսաստանում գները հավելյալ աճել են 5.5 տոկոս: Հենց այդ թիվն է ընկած հաշվարկների հիմքում: