Կտուգանվի՞ «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն աշխատողներին 7 օր շարունակ աշխատեցնելու համար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից որոշ կետեր: Լրագրողներից մեկի հարցին՝ «Մալաթիայի» տոնավաճառում աշխատողներին ստիպում են 7 օր աշխատել, և նրանք ասում են, որ ոտնահարվում են իրենց իրավունքները, նախագիծը նման դեպքերի համար կետեր նախատեսո՞ւմ է, Թ. Ավետիսյանն այսպես պատասխանեց.
«Նախ, ասեմ, որ նախագիծն ընդամենը 58 հոդված է, Աշխատանքային օրենսգիրքը՝ 266, այսինքն՝ նախագիծ, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ բերում են նոր կարգավորման: Ինչ վերաբերում է 7 օր աշխատանքին, արդեն իսկ գործող օրենսգիրքն ասում է, որ անձն առնվազն 2 իրար հաջորդող աշխատանքային օրեր պետք է հանգստանա, այսինքն՝ այդ նորմերը հստակ սահմանված են կարգավորման մեջ, և դրանք բացառապես համապատասխանում են նաև եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի պահանջներին:
Հարցին էլ՝ հիմա «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը կտուգանվի՞ դրա համար, Թ. Ավետիսյանը նախ՝ պատասխանեց, որ ինքը դատավոր չէ, որ ասի՝ կտուգանվի՞, թե՞ ոչ. «Ես ասեմ հետևյալը, որ՝ այո, աշխատանքային ռեժիմի խախտումը, հանգստի ռեժիմի խախտումը, աշխատավարձը ոչ ամբողջական վճարելը, դրանք բոլորը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված տուգանքներ են, որոնց պատասխանատուն հենց գործատուն է»: