Դամասկոսին զայրացրել է Դավութօղլուի չհամաձայնեցված այցը Սիրիա

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այցը Սիրիայի հյուսիսում գտնվող օսմանյան դամբարան:

Դավութօղլուն կիրակի այցելել է Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման Շահի դամբարան, ով հանդիսացել է Օսմանյան բեյության հիմնադիր Օսմանի պապը: Այդ այցը նախապես համաձայնեցված չի եղել Սիրիայի ղեկավարության հետ:

Միկդադը հայտարարել է. «Սուլեյման Շահի դամբարան այցելելու պատրվակով Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուի ներկայությունը Սիրիայի տարածքում հանդիսանում է միջազգային իրավունքի ու երկրի ինքնիշխանութան կոպտագույն ոտնահարում»:

Թուրք զինվորականներն ընթացիկ տարվա փետրվարին մուտք էին գործել Սիրիայի տարածք, և Սուլեյման Շահի աճյունը, որը գտնվում էր թուրքական սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա կառուցված դամբարանում, տեղափոխել Էշմե գյուղի շրջան՝ Թուրքիայի սահմանին ավելի մոտ: Թուրքիան այդ շրջանը հայտարարել է իր ժամանակավոր անկլավ, ինչի դեմ հանդես է եկել Սիրիայի ղեկավարությունը:

Տեսանյութեր

Լրահոս