«ԱԺ պլանկեն լավ իջացրել ենք, պահանջում եմ նախարարի ներկայություն»
Մայիսի 15-ին Ազգային ժողովում լսումներ կկազմակերպվեն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ լսումները կանցկացվեն լիագումար նիստերի դահլիճում, հրավիրված են նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց ՀՀԿ-ականներին՝ հետևել ԱԺ-ի վարկին, քանի որ քննարկումների ժամանակ կառավարությունից ներկա են լինում փոխնախարարների կամ վարչության պետերի մակարդակով. «Արդեն նախարար չենք տեսնում, կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ նախարար չենք տեսնում: Ի՞նչ ենք անում նախարարության ներկայացուցչին, նախարար չենք տեսնում»: Ըստ նրա՝ ներկայացուցիչները հարցերին թերի են պատասխանում:
Գ.Մինասյանը նկատեց, որ կարող է նախարարն ամբողջությամբ չտիրապետի հարցին:
«ԱԺ պլանկեն լավ իջացրել ենք: ԱԺ-ն աշխատում է կառավարության հետ, ես պատգամավոր եմ և պահանջում եմ նախարարի ներկայություն: Թող գա իր թիմով»,- հակադարձեց Հ.Բագրատյանը:
Պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայնեց, որ նախկինում քննարկումներին նախարարներն անձամբ էին մասնակցում և դա է ճիշտը. «Կարծում եմ՝ հարցը բարձրացնելուց հետո կրկին այդ աշխատելաոճը կընդունվի»: