Եվրոպական խորհրդարանը ողջունում է ռուսալեզու մեդիա հեռուստաալիքները զարգացնելու նախաձեռնությունը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ-ի երկրներին առաջարկել է զբաղվել ռուսական գործակալ հանդիսացող ԶԼՄ-ների ու կազմակերպությունների որոնմամբ, նախապատրաստվել ռուսական քարոզչությանը հակազդելուն և ավելի շատ օգնել ռուսական հասարակական կազմակերպություններին:
Այդ մասին նշված է Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի պատրաստած զեկույցում, որը կարող է հետագայում հիմք դառնալ Ռուսաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վերանայման մասին բանաձևի համար:
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել առանց հապաղելու անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել կոնկրետ նախագծերի վրա՝ ուղղված ԵՄ-ի ներսում ռուսական քարոզչությանը հակազդելուն:
Եվրոպական խորհրդարանը ողջունում է ռուսալեզու մեդիա հեռուստաալիքները զարգացնելու նախաձեռնությունը՝ հավաստի ու մատչելի, ռուսական ԶԼՄ-ների կանխակալ տեղեկատվությանն այլընտրանքային տեղեկատվություն մատուցելու համար: