Պուտինը Մերկելին կոչ է արել շուտափույթ լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Ռուսաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հանդիպման ժամանակ Պուտինը Մերկելին կոչ է արել հնարավորինս արագ լուծել Ռուսաստանի ու Գերմանիայի միջև առկա խնդիրները. «Ներկայումս գոյություն ունեն հայտնի խնդիրներ: Որքան արագ այդ խնդիրները դադարեն բացասաբար ազդել հարաբերությունների զարգացման վրա, այնքան կլինի ավելի լավ:
Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպման ժամանակ մեզ կհաջողվի խոսել ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ընդհանրապես ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին, և բնականաբար խոսել այն խնդիրների մասին, որոնք ներկայումս առավել սուր են, այդ թվում նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»:
Մերկելն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է ձգտել համագործակցության ու դիվանագիտական որոշումներ գտնելուն. «Լավ է, որ այսօր մենք հանդիպեցինք Մոսկվայում` քննարկելու համար ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները և բնականաբար Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելը»:
Պուտինն ու Մերկելը հանդիպումից առաջ ծաղկեպսակներ են դրել Կրեմլի մոտ գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին, ինչից հետո գնացել են բանակցելու: Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ն իր համար հանգստյան օր է վերցրել: