Ինչպես ընդունեցին Եվրատեսիլյան մասնակիցները Սիրուշոյին (լուսանկարներ)
Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին: Ինչպես հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Սիրուշոն փորձերից մեկի ընթացքում անսպասելի այցելել է մասնակիցներին, ծանոթացել նրանց հետ, կիսվել իր եվրատեսիլյան փորձով, ունեցած տպավորություններով:
Երգչուհին, վերհիշելով իր մասնակցության տարում ունեցած ծանրաբեռնվածությունը, անվերջ ձգվող փորձերը, շրջագայություններն ու տպավորությունները, Genealogy խմբի անդամներին խորհուրդ է տվել կենտրոնանալ իրենց ելույթի վրա՝ չմտածելով որևէ այլ բանի մասին: «Որքան էլ լավ անեք Ձեր գործը, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա պետք էր անել այլ կերպ: Պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա: Արեք այն, ինչ ձեր սիրտն է ասում և միտքը թելադրում. երգեք սրտի խորքից»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ մեծ հաճույք է լինել եվրատեսիլյան հյուրընկալ ընտանիքի անդամ:
Սիրուշոն կարևորել է նաև մասնակիցների անհատականության ներկայացումը բեմի վրա: «Անհատականությունը կարևոր է. հավանաբար ամենակարևոր բաներից մեկը: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Թող մարդիկ տեսնեն ով եք դուք իրականում»,- ասել է նա:
Ողջունելով մրցույթին այս տարվա հայաստանյան մասնակցության ձևաչափը՝ Սիրուշոն հաջողություն է մաղթել Genealogy խմբին, քաջալերել ու վստահեցրել մասնակիցներին, որ եթե հավատան ուժերին ու սրտանց երգեն, անպայմանորեն կունենան տպավորիչ և հիշարժան ելույթ: Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել երգչուհուն՝ իրենց այցելելու և իր փորձով կիսվելու համար: Մասնակիցները նաև նշել են, որ կանեն առավելագույնը բեմում լավագույնս ներկայանալու համար. չէ՞ որ բեմում նրանք կլինեն ոչ թե 6 հոգով, այլ կներկայացնեն 13 մլն հայերի:
Հանդիպման ավարտին Genealogy խմբի անդամներն և Սիրուշոն միասին տարբեր կատարումներով են հանդես եկել, վերհիշել ճանաչված ու սիրելի երգեր: