Ռուսական ճնշումները Հայաստանի նկատմամբ ինտենսիվորեն կօգտագործվեն` ի պատասխան Արևմուտքի հետ մերձեցման ՀՀ-ի փորձերի. Արմեն Գրիգորյան

«ԱՄՆ-ն ամբողջությամբ չի արհամարհի Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ջեյմսթաուն» հեղինակավոր հիմնադրամի սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի գլխավոր ուղերձներին: Մայիսի 7-ին ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում Վաշինգտոնի Ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին ներկա էին գտնվել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, ինչով էլ Սարգսյանի այցն ԱՄՆ ներկայացուցչական բնույթ ստացավ: Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել էր նաև որոշ սենատորների, որոնք մամուլում հայտնի են իրենց արմատական վերաբերմունքով՝ Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ նախագահի ԱՄՆ կատարած այցը հատկանշական էր նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև «Առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի» կնքմամբ, որը մշակվել էր բավականին երկար ժամանակ:

Արմեն Գրիգորյանը խոսելով այցի ուղերձների մասին՝ ասաց, որ, չնայած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԱՄՆ-ը չի կարող ամբողջությամբ արհամարհել Հայաստանին` հաշվի առնելով մի շարք խնդիրներ: «Խոսքը ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի վերսկսման կամ Ռուսաստանի կողմից միակողմանի միջամտության կանխման անհրաժեշտության մասին է, Հայաստանի հետագա մեկուսացման կանխման անհրաժեշտության մասին` հաշվի առնելով թե՛ Վրաստանի դեմ ռուսական հնարավոր ագրեսիայի դեպքում առանց այլընտրանքի մնացող Հայաստանի հնարավոր ներգրավումը, թե՛ Հայաստանի պոտենցիալ դերն Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների կարգավորման դեպքում, և այլն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ռուսաստանցի վերլուծաբանների նախազգուշացումներին, թե օգոստոս ամսին ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը նոր ալիք կարող է ստանալ, Գրիգորյանը նշեց, թե կարելի է վերհիշել` անցած տարվա ամռանը (հուլիսի 30-օգոստոսի 4) տեղի ունեցած իրավիճակի աննախադեպ լարման ընթացքում դարձյալ ռուսական կողմից (ինչպես նաև ռուսական տեսակետներ արտահայտող հայաստանյան ԶԼՄ-ների) էր հայտարարվում պատերազմի վերսկսման հավանականության մասին: «Կարծում եմ՝ դա ճնշման ձևերից մեկն է, և հավանական է, որ այդ ձևն առավել ինտենսիվորեն կօգտագործվի` Ադրբեջանի օգնությամբ, մասնավորապես՝ ի պատասխան ԱՄՆ-ի հետ մերձեցման և ԵՄ-ի հետ հարաբերությունները որոշ չափով ընդլայնելու փորձերին: Իհարկե, պետք է իրավիճակի ցանկացած զարգացման պատրաստ լինել. հնարավոր չէ բացառել «պատահական պատերազմի» (այսպես կոչված՝ «war by accident») բռնկումը»,- մեկնաբանեց Արմեն Գրիգորյանը` միաժամանակ հիշեցնելով, որ նման սցենարը հավանական է դարձել միմիայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի մատակարարման շնորհիվ:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում ռուսաստանցի վերլուծաբաններ Վլադիմիր Եվսեևը և Անդրեյ Արեշևը նախազգուշական կանխատեսումներով հանդես եկան` հայտարարելով, որ հայկական կողմն օգոստոս ամսին պետք է պատրաստ լինի ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների, քանի որ, նրանց կարծիքով՝ այդ գործողությունների վերսկսման վտանգը կբարձրանա Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերից հետո:

 

 

Տեսանյութեր

Լրահոս