«Այն քաղբանտարկյալները, ովքեր այսօր գտնվում են բանտերում, ամեն ազգի պատիվ կբերեին»
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» և «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության անդամները եկան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և այստեղ իրականացրեցին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ այսօր իրենք հավաքվել են ասելու, որ բանտերն էլ են իրենցը, և իրենց հայրենիքի մասն են կազմում։ «Այն քաղաքական բանտարկյալները, ովքեր գտնվում են այսօր բանտերում, նրանք ամեն ազգի պատիվ կբերեին։ Մենք այսօր եկել ենք ասելու, որ ռեժիմը հանձնվելու է քայլ առ քայլ նահանջելով։ Բանտերը և այն ամբողջ համակարգը, որ կա Հայաստանում, խտացված ձևով արտացոլում են այն իրականությունը, որը կա մեր երկրի ներսում։ Բանտերն այսպիսին չպետք է լինեն։ Բայց որպեսզի բանտերը փոխվեն, պետք է շատ ավելի և բարձր լծակներ փոխվեն երկրում»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։ Նա հայտարարեց, որ իրենք պետք է հասնեն և երկրի, և բանտերի վերափոխմանը։ «Բանտերն այն տեղն է, որտեղ ոչ թե հանցագործ է ծնվում, այլ հանցագործը ուղղվում է»,- ասաց Գ. Չուգասզյանը հայտարարելով, որ իրենք պետք է հասնեն նրան, որ բանտերը կատարեն այն դերը, որն ունեն։