Պարույր Հայրիկյանը Վարդան Սեդրակյանից պահանջում է 20-ական միլիոն՝ նախորդ և հաջորդ վիրահատությունների համար
«Ընդհանրապես, պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել ահաբեկիչներին: Եթե պետությունն իր քաղաքացիների, մանավանդ՝ պետության առաջ ծառայելու պատրաստ քաղաքացիների առջև իրեն պատասխանատու է զգում, դա մեր ձեռքբերումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով իր բուժման ծախսերը Վարդան Սեդրակյանից և մյուսներից պահանջելու մասին:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը, որպես իրեն պատճառված վնաս, իր մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից 42,5 միլիոն դրամ փոխհատուցելու մասին պահանջ էր ներկայացրել: Պարույր Հայրիկյանը Վարդան Սեդրակյանից պահանջում է իրեն վճարել 20 միլիոն դրամ, քանի որ այդ գումարով ինքը հոգացել է նախորդ վիրահատության ծախսերը, և ևս 20 միլիոն՝ հաջորդ վիրահատության համար:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ ինքը կարող էր բելգիական, հոլանդական, ամերիկյան գումարներով բուժումներ ստանալ, բայց պետությունը պետք է դա անի. «Բայց այն պահից, երբ պետությունը բացահայտեց հանցագործին, պետությունը պարտավոր էր այդ հանցագործից այդ փոխհատուցումը հետ ստանալ: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ մեր պետական մեղադրողն այդ հարցը չբարձրացրեց»:
Նրա խոսքով՝ չխոսելով փաստաբանական ծառայության «հսկայական» ծախսերի մասին, չխոսելով իր հարազատներին և բոլորին հասած բարոյական «ծանր» վնասը փոխհատուցելու մասին, այդ վիրահատության «նվազագույն» ծախսերը փոխհատուցելու խնդրով՝ իր փաստաբանի հետ մտել է դատարան. «Սա նույնիսկ ուղղված չէ Սեդրակյանի և մյուսների դեմ, այլ նրանք, ովքեր ֆինանսավորել են և այդ հսկայական գումարները հատկացրել են այս հանցավոր խմբին, այդ միջոցներից պետք է փոխհատուցվի: Այդ փորձն անում ենք՝ ձգտելով նաև նախադեպ ստեղծել»:
Ըստ Պ. Հայրիկյանի՝ այստեղ լուրջ սխալ թույլ տվեց կառավարությունը, չնայած կարծում է՝ հիմա էլ կարող է այդ սխալն ուղղել. «Մանավանդ, երբ ձայնագրություններ հայտնվեցին իրենց մոտ եղած հսկայական գումարների մասին, կառավարությունը պետք է այդ գումարներից իր կատարած ծախսերը հետ ստանար: Հիմա ես կառավարության հանդեպ պարտքի զգացում չունեմ, մեր պետությանը ես տվել եմ մի քանի անգամ ավելին»:
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ Վարդան Սեդրակյանի կինը՝ տիկին Սեդրակյանը, և մյուսները պետք է հասկանան, որ իրենցից որևէ մեկը ոչինչ չի ուզում: Նրա խոսքով՝ իր մահափորձը կազմակերպելու և այլ բաների համար այդ «հանցախումբը» մեծ գումարներ է ստացել, դրանք գործի մեջ արձանագրված են, բայց այդ գումարների հետքով չգնացին:
«Մեր իրավապահները գործը շատ գեղեցիկ բացահայտեցին, բայց շարունակել չկամեցան: Հիմա այդ գումարները, որոնք արձանագրված են, պետք է պետությունը պահանջի՝ իր ծախսերը փոխհատուցելու համար, պետությունը չի պահանջում, իր խնդիրն է, բայց ես ունեմ հսկայական ծախսեր, էլ չեմ խոսում այն մասին, որ դուք կամ որևէ մեկը պարտավոր չեք հանցագործի արածը հովանավորել: Եթե պետությունը գումար է տալիս հանցագործի արածի համար և հետո այդ գումարը հետ չի պահանջում, ստացվում է՝ ինքը հովանավորում է ահաբեկիչներին»,- նկատեց Պ. Հայրիկյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: