Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին, ԼՂՀ կառավարության մի խումբ անդամների հետ, ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:

Եռատոնի միջոցառումներին   մասնակցելու նպատակով Արցախ ժամանած   ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:

Հովիկ Աբրահամյանը ողջույնի իր խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: ՀՀ վարչապետն, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:

Ընդլայնված կազմով տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս երկկողմանիորեն ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը, և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս