Ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը դիմելու է որոշակի քայլերի
Արդեն 3 ամիս է անցել «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքից, սակայն իրավապահ մարմիններին դեռևս չի հաջողվել բացահայտել գործը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ դեռ ոչ մի նորություն չկա այդ գործից:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո ինքը մնո՞ւմ է այդ կուսակցության կազմում, և արդյոք կուսակցությունը ինչ-որ քայլ անո՞ւմ է այս գործը բացահայտելու համար: Ի պատասխան՝ նա ասաց, որ ինքը ոչ միայն մնում է կուսակցության կազմում, այլև կուսակցության քաղխորհրդի անդամ է, և կուսակցությունը ևս շահագրգռված է այդ գործով և որոշակի քայլեր է նախաձեռնում:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է ոստիկանություն, որից եկել է պատասխան, որ պետք է դիմենք Քննչական մարմիններ: Հիմա գրությունը պատրաստվել է, և, ինքան գիտեմ, արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե, որ համապատասխան անձանց պետք է հրավիրեն, որպեսզի ընդհանուր հասկանան՝ ինչ իրավիճակ է, ինչ ընթացք կա և այլն: Այսինքն՝ փորձում ենք պաշտոնական պատասխան ստանալ Քննչական կոմիտեից, տեսնենք՝ ինչ կասեն, այնուհետև կկոնկրետանանք, կորոշոենք՝ մենք ինչ ենք անելու»,- ասաց ԲՀԿ-ական ակտիվիստը:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այս գործի բացահայտումն ինչո՞ւ է այդքան ձգձգվում՝ արդյոք այդքան մեծ բարդությո՞ւն է իրենից ներկայացնում, թե՞ իրավապահ մարմինները այնքան էլ շահառրգռված չեն գործի բացահայտման մեջ, Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը տեսնում է նպատակային միտում իրավապահ մարմինների կողմից՝ գործը չբացահայտելուն առումով:
«Խիստ կասկածի տակ եմ դնում իրավապահ մարմինների անաչառ լինելը: Եթե մինչև այդ փորձում էի հավատալ, կամ գոնե շանս տալ՝ ապացուցելու, որ իրավապահ մարմինները կամ պետական իշխանական մարմինները այդ ամեն ինչին հաղորդակից չեն, ու այդ ամեն ինչը նաև նրանց պատվի հարցն է, պետք է նրանք ապացուցեին և ցույց տային, որ իրենք անաչառ են և կապ չունեն այս ամեն ինչի հետ, հիմա տենդենցը ավելի հակառակ ուղղության է տանում, ես ավելի շատ հակված եմ, որ իրավապահ մարմինները կա՛մ անգործություն են ցուցաբերում, կա՛մ փորձում են կոծկել գործը»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Հարցին էլ՝ արդյոք որևէ բան անելո՞ւ եք իրավապահ մարմինների կողմից գործը չբացահայտելու դեպքում, Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ, իհարկե, անելու է. «Ճիշտն ասած, ես արդեն վարձել եմ իրավաբան, չեմ կարող ասել՝ ինչ կանեմ, որովհետև դա փաստաբանիս հետ խորհրդակցելուց հետո պետք է ասեմ, բայց, համենայն դեպս, համապատասխան քայլեր ձեռնարկվելու են, և փորձելու եմ պահանջել իշխանություններից գործի բացահայտումը»: