«Ես հեղափոխական իշխանափոխություններին դեմ եմ, դա համարում եմ սպառնալիք»
ԲՀԿ-ն կողմ է, որ ՀՀ-ում լինի կիսանախագահական կառավարման համակարգ: Ինչպես այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ն կներկայացնի առաջարկություններ, եթե նախագիծը կապված լինի կիսանախագահական համակարգի հետ:
Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման համակարգում դրված խնդիրների մի մասը կարելի է տեղափոխել կիսանախագահական համակարգ:
Ոչ իշխանական եռյակի վերաբերյալ Մ.Մելքումյանը հայտարարեց, թե եռյակի չգործելու մասին ԲՀԿ-ն հայտարարություն չի արել. «Ունենք այն, ինչ ունենք: Այն ժամանակ, երբ գործում էր, կային ընդհանուր մոտեցումներ, այսօր իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, նոր պայմաններում, եթե կլինեն ընդհանուր շահեր ու գործ, կարող ենք քննարկել: Այս փուլում իրավիճակի փոփոխության արդյունքում նախադրյալ չկա, որ ակտիվ համաձայնեցված քայլեր կլինեն: Շատ են հարցնում՝ հիմա դուք իշխանափոխություն պահանջո՞ւմ եք: Ես հեղափոխական իշխանափոխություններին դեմ եմ, դա համարում եմ սպառնալիք, բայց մինչև 2017 թվականը ես որևէ բան չեմ բացառում: Եթե կլինեն օբյեկտիվ պատճառներ, ինչ-որ բան առաջ տանելու համար՝ պատրաստ ենք համագործակցել ցանկացած առողջ ուժի հետ»:
Ըստ Մելքումյանի՝ նոր մարտահրավերների շուրջ պետք է լայն կոնսոլիդացիա հասունանա, որպեսզի կրկին համագործակցեն, իսկ իրենց ոչ մի խանգարող հանգամանք չկա. «Եթե կան ընդհանուր շահեր, ի շահ պետության՝ պատրաստ ենք համագործակցել»: