Անհրաժեշտության դեպքում Մոսկվայից հետ կկանչվի Թուրքիայի դեսպանը. Էրդողան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է պատմաբանների հետ և քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը: Հանդիպումից հետո պատմաբան Մուսթաֆա Արմաղանը մի քանի մանրամասներ է ներկայացրել Էրդողանի ելույթից:

Արմաղանը լրագրողներին հայտնել է, որ Էրդողանի խոսքերով՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Երևան գնալը սխալ էր, քանի որ այն չհանգեցրեց դրական փոփոխությունների: Էրդողանը հայտարարել է. «Մենք հայերի համար թշնամական պետություն չենք, մենք հայերի հետ մշտապես ողջագուրվելու համար բաց պետություն ենք»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված՝ Արմաղանի ներկայացմամբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հետ կկանչվի Մոսկվայում Թուրքիայի դեսպանը, և այդ երկրի հետ հարաբերությունների մակարդակը կնվազեցվի մինչև գործերի ժամանակավոր հավատարմակատարի մակարդակի.

«Մենք ընդհանուր շատ բան ունենք Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան ու համայն աշխարհը պետք է հասկական, որ այդ հարցը (Հայոց ցեղասպանություն) մեզ համար ունի հատուկ կարևորություն»:

Տեսանյութեր

Լրահոս